ՀԻՇԵԼՈՎ ՎԱՆՈՅԻՆ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Մեծարգո խմբագիր Օրերս կայացավ Վանո Սիրադեղյանի հիշատակին նվիրված հանդիպում, եւ չնայած ցանկությանսՙ առողջական վիճակիս պատճառով ներկա լինել չկարողացա: Ասելիքս կարճ էր, բայց անպայման ուզում էի մի փաստՙ կապված Վանո Սիրադեղյանի հետ, հրապարակել: Տարիներ առաջ, երբ նախկին Սպանդարյան, այժմՙ Արամի փողոցի տներն ու հողերը վաճառքի հանվեցին, իմ գործընկերոջ հետ գնեցինք մի հին տուն նույն տեղում նորը կառուցելու նպատակով: Քառահարկ բնակելի մի շինություն կառուցելու մեր ծրագիրն ու ցանկությունն այնպիսի փոթորիկ ու ըմբոստություն առաջացրին ճարտարապետների մոտ, որ գործը հասավ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին: Վերջինս թույլ տվեց կառուցել քառահարկ շենք, բայց ասելիքս, շնորհակալանք ու գնահատանք հայցելուց բացի, ունի մեկ այլ կարեւոր միտում, որը թող արժեւորի ընթերցողը: Երբ քաղաքապետը խոսեց ճարտարապետների հետ, որոնց մեջ պատրիարքը Մուշեղյանն էր, Սիրադեղյանն ասաց. «Այս կրքոտությամբ պայքարեք, որ այդ տարածքում կառուցվեն 4-5 հարկանի շենքեր, եւ փողոցը կփրկեք բարձրահարկերից»: Ինչպես ասում են. «Հեռուն էր տեսնում...»: Հավելեմ, որ Վանոն, վարչարար լինելուց բացի, իր տարեկիցների մեջ ամենահաջողակ նովելիստն էր: |