«ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ». ՍԱՏԱՆՈՎՍԿԻ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Օրերս ռուս քղաքագետ Եվգենի Սատանովսկին մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններին եւ դրանցից բխող վտանգներինՙ ուղղված Ռուսաստանին: Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան ու Ուկրաինան 2019 թվականից ակտիվորեն զարգացնում են ռազմական ոլորտի կապերը: Անկարան սկսել է Կիեւին մատակարարել Bayraktar TB2 հարվածային-հետախուզական անօդաչու սարքեր, որոնք Ուկրաինայի զինված ուժերն արդեն սկսել են ակտիվորեն օգտագործել Դոնբասում: Բացի այդ, Ուկրաինան Թուրքիային կորվետներ է պատվիրել, որոնք, ուկրաինական ղեկավարության կարծիքով, զգալիորեն կբարձրացնեն նավատորմի մարտունակությունը: Փորձագետ Եվգենի Սատանովսկու կարծիքովՙ թուրք-ուկրաինական համագործակցությունը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար: Նա հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինայի համար Ada դասի կորվետներ է կառուցում: Նման նավերը կարող են օգտագործվել ծովային ջրերում պարեկություն անելու, ինչպես նաեւ սուզանավերի դեմ պայքարելու համար: Սատանովսկին վստահ է, որ այդ նավերը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար: Եթե նրանք հայտնվեն Ուկրաինայի տրամադրության տակ, ապա նրանց օգնությամբ դա կսպառնա Ղրիմի կամրջի անվտանգությանը, հայտնում է «Լրատվական ճակատը»: Ավելի վաղ GLAS-ը հայտնել էր, որ Դոնբասի աշխարհազորայինները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, եթե Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ հայտնվեն ավելի շատ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: |