ՆՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԻՍ Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Հիմա էլ գերիներն են մեղավոր 44-օրյա պատերազմից ու դրանից հետո մինչեւ այժմ երկրում կատարվող ամեն մի ցավոտ իրադարձության համար իշխանությունը նախեւառաջ մեղավորներ է փնտրում, ապա հասկանալուց հետո, որ մեղքն ուրիշի վրա բարդել չի լինում, անցնում է հին ու ավանդական եղանակինՙ հիշատակելով «թալանչի նախկիններին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , բանուգործը թողած, այժմ էլ որոշել է քննել, թե ինչ պայմաններում են հայ ռազմագերիները գերի ընկել: «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, հասկանանքՙ ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե ո՛ր դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Ամեն դեպքում պետք է քննենքՙ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե ոչ: Եթե մարդը վիրավոր կամ անգիտակից վիճակում է գերեվարվում, ապա ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»,- Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նա: Երկրի ղեկը ստանձնած Փաշինյանը, անտեսելով ռազմագերիների կամ անհետ կորածների հարազատների ապրումները, ցավը, ցասումը, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է, թե դեռ պետք է պարզենքՙ ո՞վ է իրական գերի, ո՞վՙ կեղծ: Նույնն բանն, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է անումՙ Բաքվում պահվող մեր տղաներին ամենատարբեր հանցաքներ վերագրելով: Ադրբեջանում պահվող ռազմագերիները, փաստորեն, ոչ միայն հակառակորդ պետությունում, այլ նաեւ մեր երկրում կարող են հանցագործ համարվել: Գերիներին, ըստ երեւույթին, գերի ընկնելու մեջ մեղադրող Փաշինյանը, հիշեցնենք, առաջին անգամ չէ, որ նրանց մասին ոչ միանշանակ, քննադատության արժանացող հայտարարություն է անում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, ասել էր, թե «Գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը, բայց Հայաստանի շահերից անհամաչափ զիջումները չեն ների»: |