RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1596, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇՏԱՆԱԿ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

(ստուգաբանության փորձ)

ԱՇՏԱՆԱԿ նշանակում է մոմակալ։ Օգտագործվել է նաեւ անուշահոտ յուղեր եւ խունկ ծխելու համար։ Աշտանակներն ունենում են 7, 9, կամ 13 ճյուղ (կենտրոնում Քրիստոսը, իսկ երկու թեւերումՙ /6+6/ 12 առաքյալները խորհրդանշող)

Ստուգաբանական բառարաններն Աշտանակի ծագման մասին ընդամենն իրենց ենթադրություններն են փոխանցում։ Գեւորգ Ջահուկյանը, օրինակ, առանց աղբյուրը նշելու, բառն իրանական փոխառություն է համարում, ներկայացնելով միայն Անահիտ Փերիխանյանի վարկածը, համաձայն որի, Աշտանակը առաջացել է պարթեւերեն *atishtanak ձեւից։ Իսկ Հր. Աճառյանն իր Արմատականում Աշտանակ բառը տեղադրել է անստույգ բառերի շարքում։ Էլ չենք խոսում Վարդգես Ուրիշյանի 1995 թ. լույս ընծայած «Մեր արմատները նոր լույսի տակ» հակագիտական բառարանի մասին, որտեղ Աշտանակ բառը բխեցվում է պարսկերեն տնկել, հաստանալ, կոշտանալ իմաստներով *shtan եւ *ashtan ձեւերից։

Փորձենք ներկայացնել ԱՇՏԱՆԱԿ բառի ստուգաբանության մեր վարկածը։ Նշեցինք, որ աշտանակներն ունենում են 7, 9 կամ 13 ճյուղ։ Դա հատուկ է հրեաներին ու քրիստոնյաներին, իսկ զրադաշտականների աշտանակներն այլ տեսք են ունեցել։ Դրանք իրենց ճյուղերի քանակով տարբերվել են այլոց աշտանակներից, եւ նախատեսված են եղել ութ մոմերի համար։

Նշենք, որ իրանցիների մոտ ութ թիվը կենաց եւ իմացության խորհրդանիշն է։ Ըստ իրանական դիցաբանության, Արարիչը լոտոս ծաղկի տակ եղած ցեխն օգտագործում է երկրի մակերեսն արարելու համար։ Նույն դիցաբանության համաձայն, լոտոսի ութ ծաղկաթերթերից էլ գոյացել են աշխարհի ութ կողմերը (աջ, ձախ, վերեւ, ներքեւ, հետ, առաջ, ներս, դուրս)։

Այսպիսով, կարող ենք ասել, որ (ութ ծաղկաթերեր ունեցող լոտոս ծաղկի տեսքով) ԱՇՏԱՆԱԿ բառը փոխառություն է իրանական աղբյուրից, որի ԱՇՏ բաղադրիչը (պարթեւերեն եւ ժամանակակից պարսկերեն hasht) նշանակում է ութ։ Ի դեպ, իրանական լեզուներում [h] հնչյունի անկումը բառասկզբում սովորական երեւույթ է։ Աֆղանստանի դարի լեզվով հաֆթ եւ հաշթ (յոթ եւ ութ) բառերը [նաեւ հ հնչյունով սկսվող բառերը] արտասանվում են ԱՖԹ եւ ԱՇԹ, թեեւ գրվում են «hե» տառով։

Նույն ծագումն ունի նաեւ անստույգ բառերի շարքին դասվող հայերեն ԱՇՏԱՐԱԿ (բազմակողմ բարձր ու նեղ շինության մաս կամ առանձին կառույց) բառի ԱՇՏ բաղադրիչը։ Բավարար է նշել, որ իրանական աշխարհում զրադաշտական ատրուշանները կառուցվում էին ութանկյան տեսքով, որտեղ կրակարանները տեղադրվում էին ութ սյուներով պարուրված ութ կողմ ունեցող դահլիճներում, որոնց մուտքն ապահովվում էր ութ դարպասների միջոցով։

Հայերեն ԱՇՏԱՐԱԿ բառի ԱՇՏ բաղադրիչի իրանական hasht (ութ) թվի հետ առնչության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հայերեն որոշ բարբառներում ԱՇՏԱՐԱԿ բառն արտասանվում է ՀԱՇՏԱՐԱԿ կամ ԽԱՇԹԱՌԱԿ ձեւով։ Պատահական չէ նաեւ Իրանի Արեւմտյան Ատրպատականի Սալմաստ գավառի մոտակայքում գտնվող hashtarak գյուղի անվանումը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ