RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-07 23:49:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2840, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ԱՎԱՐՏՎԵՑ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Աշխատանքների վրա իր կնիքն է թողել Իրանի նախագահիՙ Եգիպտոսին հասցեագրած ռազմավարական համագործակցության կոչը

Երեկ Կահիրեում ավարտվեցին «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովի երկօրյա աշխատանքները: Գագաթաժողովին մասնակցել է 56 երկիր: Այդ երկրների մեջ բացակայում էր Սիրիան, որի անդամակցությունը անցյալ տարի կասեցվել էր: Գագաթաժողովում առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաեւ Մալիի քաղաքական զարգացումներին ու իսլամաֆոբիային առնչվող խնդիրները:

Ի դեպ, ելույթում Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննադատել է այն երկրներին, որոնք հավանություն չեն տալիս Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը: Ակնարկը Ռուսաստանի, Չինաստանի, ինչու չէՙ նաեւ Հնդկաստանի եւ հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության մասին է: Այն առումով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկա էր գագաթաժողովում, Կահիրե էր մեկնել փետրվարի 5-ին, այն էլ չորսօրյա այցով, այսինքնՙ ոչ միայն գագաթաժողովի համար, եւ 1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո, նախագահի մակարդակով Իրանից առաջին այցն էր կատարում Եգիպտոս:

Ավելին, Իրանի նախագահը գագաթաժողովի ամբիոնից Բահրեյնի ժողովրդի հետ համերաշխության կոչ է արել Իսլամական երկրներին ու արաբական աշխարհին, առավել եւս Պարսից ծոցի երկրներին զայրացնելու գնով փորձել է նախադրյալներ ստեղծել Եգիպտոս-Իրան մերձեցման համար:

Գագաթաժողովին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ուղեկցությամբ նախագահի մակարդակով մասնակցել է նաեւ Թուրքիան: Աբդուլլահ Գյուլը Ահմադինեժադի եւ Մուհամմեդ Մուրսիի հետ մասնակցել է գագաթաժողովից դուրս կազմակերպված Թուրքիա-Իրան-Եգիպտոս եռակողմ հանդիպմանըՙ քննարկելու Սիրիայի խնդիրը: Նշելով հանդիպման մասին, թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական գործակալությունը արդյունքներին չի անդրադառնում:

Սակայն, առանց անդրադարձի էլ ակնհայտ է Սիրիայի քաղաքական զարգացումներին օտարերկրյա միջամտությունը մերժելու եւ երկրում գործող վարչակարգին զորավիգ կանգնելու Իրանի դիրքորոշումը, որը տրամագծորեն հակասում է ԱՄՆ-ին, Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ինՙ Սիրիայում ռազմական միջամտության կոչ անող եւ Բաշար Ասադից իշխանության անհապաղ հանձնումը պահանջող Թուրքիայի դիրքորոշմանը:

Ինչ վերաբերում է նախագահ Մուրսիին, նա էլՙ ըստ ամենայնի միջանկյալ դիրք գրաված պետք է լինի ոչ այնքան երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակի պատճառով, որքան արաբական աշխարհում Եգիպտոսի առանցքային դերակատարությունը շեշտելու նկատառումով:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար հրավիրված Իրան-Եգիպտոս-Թուրքիա եռակողմ հանդիպման մասնակիցների բուն առաջարկը ոչ թե քննարկումն է եղել, այլ վերջինների տարածաշրջանային գերտերության հավակնություններով պայմանավորված մրցակցությունը, ընդ որումՙ հանուն առանցքային դերակատարության:

Նույնը, թերեւս պետք է ասել նաեւ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովի պարագայումՙ այն տարբերությամբ, որ գագաթաժողովում արդեն Թուրքիան դուրս է մղվել տարածաշրջանային գերտերության համար ծավալվող մրցակցությունից եւ դա արել է Իրանի նախագահը:

Հետեւաբար, գագաթաժողովի վրա, հակառակ թուրքական մամուլի հավաստիացումներին, կնիք են դրել Մահմուդ Ահմադինեժադի եգիպտական մամուլին արած Արեւմուտքի առումով հաշվենկատ, իսկ տարածաշրջանի երկրների տեսանկյունից հավասարակշիռ հայտարարությունները, այլ ոչ թե Աբդուլլահ Գյուլի Կահիրեում ներկայությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ռազմավարական համագործակցության կոչ է արել Եգիպտոսին, ասել է, որ դա բխում է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների շահերից, Իրանի պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եգիպտոսի հետ, օտարերկրյա մութ ուժերն են խոչընդոտել երկու երկրների մերձեցումը, Իրանը ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում Եգիպտոսի ժողովրդին, Իրանը շահագրգիռ է Պարսից ծոցի երկրների կայունությամբ եւ անվտանգությամբ եւ ձգտում է եղբայրության ու բարեկամության հաստատմանը ողջ տարածաշրջանում:

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ինչպե՞ս կարձագանքի Մահմուդ Ահմադինեժադի կոչին, ցույց կտա ժամանակը: Բայց որ Իրանի նախագահն այս ելույթով, բացի Պարսից ծոցի երկրներից, զայրացրած պետք է լինի նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքին, ակնհայտ է: Խնդիրը, սակայն, Արեւմուտքի զայրույթը չէ, այլ Իրան-Եգիպտոս մերձեցման հավանականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ