«Gallup international». ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՄԱԿՐՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 0.0, ՀԱԿԱԿՐՈՒՄ 22 ՏՈԿՈՍԸ Հ. Հ. «Gallup international» հայաստանյան ընկերությունը փետրվարի 2-5-ը սոցհարցում է անցկացրել 1080 քաղաքացու շրջանումՙ պարզելու, թե ում ձայն կտա հայ հասարակությունը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը: Ընտրողների 63 տոկոսը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ հորիզոնականում էՙ 24 տոկոսով, իսկ Պարույր Հայրիկյանը երրորդն էՙ 5 տոկոս քվեով: Չորրորդ հորիզոնականում Հրանտ Բագրատյանն էՙ 2 տոկոսով: Մյուս թեկնածուները չեն կարողացել հաղթահարել մեկ տոկոսի շեմը: Արդեն 19 օր հացադուլ հայտարարած Ղուկասյանի վարկանիշում փոփոխություն չկա: Նա եւ Արման Մելիքյանը հավաքել են 0,0 տոկոս ձայն: Ընկերությունն ուսումնասիրել է նաեւ թեկնածուների հակավարկանիշը: «Ո՞ր թեկնածուի նկատմամբ հակակրանք ունեք» հարցի առաջատարը Անդրիաս Ղուկասյանն էՙ 22 տոկոսով, երկրորդ հորիզոնականում Սերժ Սարգսյանն էՙ 21 տոկոսով, իսկ Հրանտ Բագրատյանը եզրափակում է եռյակը 20 տոկոսով: Ընտրություններին անպայման կմասնակցի ընտրողների 69 տոկոսը, չկողմնորոշվածների թիվը չի գերազանցում 8 տոկոսը: Հարցվածների 52 տոկոսը գոհ է նախագահի գործունեությունից, 38 տոկոսըՙ դժգոհ: |