ԲԱՐԻ ՏԻԿՆԻԿՆԵՐՈՎ ՍԿՍՎԵՑ ԳԱՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ... Երեկոն, որ փետրվարի 2-ին կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նվիրված էր թբիլիսյան յուրահատուկ կոլորիտի պահպանման մեծավարպետ, տիկնիկագործ, բարին եւ գեղեցիկը փառաբանող Գարի Դավթյանի հիշատակին: Դահլիճում հավաքվել էին վաղամեռիկ տիկնիկագործին ճանաչողները, նրա հազվագյուտ վարպետությունը գնահատողները, նրա անկրկնելի տիկնիկները սիրողները: Իսկ երեկոյի շունչն ու ոգին Դավթյան անզուգական ընտանիքի անդամներն էին, որ հուզմունքով տեղ էին գտել հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում: Հիշատակի երեկոն նախաձեռնել էր Վրաստանի հայ մտավորականների միությունը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Իր խոնարհումը բերելով վարպետ Գարիի հրաշագործությունների առջեւ, միության նախագահ Ռուբեն Թորոսյանը արժեվորեց Հավլաբար թաղամասում գտնվող Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնը, վարպետի արարած հիասքանչ տիկնիկները, դրանց միջոցով ստեղծված հին թիֆլիսյան կոլորիտը, որն այնպիսի հոգածությամբ պահում եւ պահպանում են Դավթյան ընտանիքի անդամները: Գարի Դավթյանի ստեղծած տիկնիկային թատրոնն այն կախարդական աշխարհն է, որտեղ բնակվում են բարի, միամիտ եւ պարզ բնավորությամբ «մարդիկ», ում շրջապատում Գարին իրեն երջանիկ էր զգում եւ ցանկանում էր այդ տիկնիկների օրինակով բարություն ու սեր ներշնչել մարդկանց: Վարպետի այրինՙ տիկին Ժաննա Դավթյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով երեկոյի կազմակերպիչներին ավելացրեց, որ այս միջոցառումով սկիզբ է առնում Գարի Դավթյանի ստեղծած Հավլաբարի տիկնիկային թատրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Գարի Դավթյանի մասնակցությամբ, «Տուն, որտեղ ծնվում են հեքիաթներ» ֆիլմի օպերատոր Վախթանգ Կունցեւ-Գաբաշվիլին ներկաներին պատմեց հորՙ կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Գարի Կունցեւի հետ, նկարահանման այն ծանր օրերի եւ դժվար աշխատանքների մասին, որի արդյունքը Գարի Դավթյանին նվիրված այս հիանալի ֆիլմն է: Ու թեեւ ֆիլմն արժանացել է Ինտերնյուսի եւ Մոսկովյան կինոփառատոնի մրցանակներին, սակայն լայն լսարանի առջեւ այն ցուցադրվում է առաջին անգամ: Ֆիլմի դիտումից հետո բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին մարդկային այն անփոխարինելի գծերը, որոնք ներդնելով իր ստեղծած տիկնիկների մեջ, վարպետ Գարի Դավթյանը ցանկացել է սերմանել ողջ հասարակության շրջանում: Նա սիրո, բարու եւ գեղեցկության ջատագովն էր: Նրա ստեղծած բարի տիկնիկներով էլ սկսվեց Դավթյանների տուն տանող ճանապարհը: |