RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Քննարկման առաջնահերթ խնդիրը Ռեյհանլիի զույգ պայթյուններն են

Ինչպես նշել էինք նախորդ համարում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղեւորվել էր Վաշինգտոն: Երեկ նա տեղ է հասել, իսկ այսօր Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայինՙ քննարկելու Իրանին, Իրաքին, PKK-ին եւ հատկապես Սիրիայի զարգացումներին առնչվող խնդիրները, Ռեյհանլիի զույգ պայթյունների եւ դրանց հետ կապված նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման ենթատեքստում:

Նախքան ուղեւորվելը Էրդողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում Ռեյհանլիի պայթյունների վերաբերյալ պարզաբանումներ էր տվել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորներին, իսկ օդանավակայանում հանդիպել լրագրողներին: Կուսակիցներին դիմելիս վարչապետ Էրդողանը, ինչպես որ ենթադրելի էր, նորից պայթյունները վերագրել է նախագահ Ասադինՙ անվանելով վերջինին արյունարբու բռնապետ, ապա եւ սպառնացել է. «Պայթյուններն անպատասխան չեն մնա, վաղ թե ուշ կազմակերպիչներին կստիպենք գին վճարել այդ ստորության համար»:

Օդանավակայանում Էրդողանը նշել է, որ նախագահ Օբամայի հետ կքննարկի Ռեյհանլիի պաթյունների հետեւանքով առաջացած իրավիճակը եւ այդ քննարկումից հետո կորոշի հետագա անելիքների ուղեգիծը: Նրա խոսքերը հիմք են տալիս ենթադրելու, որ խնդիրը քննարկումը չէ, այլ հետագա անելիքների համաձայնեցումը նախագահ Օբամայի հետ:

Այս հանգամանքը չէր վրիպել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ուշադրությունից, որոնց ղեկավարներն էլ խորհրդարանական խմբակցություններում Ռեյհանլիի պայթյունները պայմանավորել են իշխանափոխության նկրտումներով Սիրիայի ներքին գործերին միջամտելու Էրդողանի դիրքորոշումով, եւ նշել են, որ այդ դիրքորոշման հիմքը կազմող արտգործնախարար Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» տեսությունը զառանցանք է եւ պայթյունների գլխավոր պատասխանատուն հենց կառավարությունն է: Նրանք դատապարտել են նաեւ Ռեյհանլիում լրատվամիջոցների վրա դրված տեղեկատվության տարածման արգելքը:

Ինչպես երեւում է, վարչապետ Էրդողանի Մ. Նահանգներ այցելության վրա իր կնիքը թողած Ռեյհանլիի պայթյունները թողնելու են նաեւ նախագահ Օբամայի հետ նրա հանդիպման վրա: Ըստ երեւույթին, որպես դրսեւորման ձեւ, առաջիկայում այդ պայթյուններն են կանխորոշելու իշխանություն-ընդդիմություն պայքարի ընթացքը Թուրքիայում: Այդ դեպքում երկրորդ պլան կմղվի PKK-ի հետ հաշտեցման գործընթացի շուրջ ծավալվող պայքարը: Խնդիրը, սակայն, սոսկ պայթյունները կամ իշխանությունների բացթողումները չեն, այլ Հաթայի տեղացի բնակչության հարաբերակցությունը սիրիացի փախստականների ու «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների հետ, փոխադարձ թշնամանքն ու դրա հետեւանքով այս վիլայեթի հետեւողականորեն ապակայունացումը:

Հաթայում բնակչության ընդհանուր թիվը 1 մլն 480 հազար է, որից 690 հազարըՙ արաբներ, ընդ որումՙ մեծապես ալավի, ինչպես Ադանայի եւ Մերսինի արաբներն են: Ռեյհանլի գավառում այդ ցուցանիշը 82 հազար է, 60 հազարը բնակվում է գավառի վարչական կենտրոնում: Սա այն դեպքում, երբ Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկներովՙ օրինական ճանապարհով Թուրքիա ապաստանած 192 հազար սիրիացի փախստականների կողքին ապօրինի ներթափանցել են նաեւ 250 հազար եւս, ընդ որումՙ ոչ թե ճամբարներում են բնակվում, այլՙ սեփական միջոցներով քաղաքներում:

Սիրիացի փախստականների թիվը Հաթայում ավելի քան 80 հազար է, որի կեսը, այսինքնՙ 40 հազարը, ներառյալ վարձկանները, բնակվում էին 60 հազար բնակչություն ունեցող Ռեյհանլիում: Գավառի բնակիչները ոչ միայն ալավի են, նաեւ նուսայրի, ինչպիսին է նախագահ Ասադը: Այս հանգամանքը բավական է, որ Ռեյհանլիի բնակչությունն ու սիրիացի փախստականները, որոնք ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներ են, փոխանվստահությամբ վերաբերվեն միմյանց, եւ «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների սանձարձակություններով դա վերաճի փոխադարձ թշնամանքի:

Այդ առումով թերեւս պատահական չէր Ռեյհանլիի քաղաքապետարանին եւ փոստին հարող հրապարակներում մայիսի 6-ին տեղի ունեցած բախումները բնակիչների ու փախստականների միջեւ, որոնք ուղեկցվել են սիրիացիների հետ Լինչի դատաստան տեսնելու դրսեւորումներով, մայիսի 11-ի պայթյուններից հետո արդեն փախստականների սպանությունները ձեւակերպվել է որպես ահաբեկչության հետեւանք:

«Դունյա բյուլտենի» կայքէջը նշում է, որ պայթյուններից հետո Ռեյհանլիում սաստկացել են սիրիացի փախստականների հալածանքները: Նրանց մի մասը հեռացել է գյուղաքաղաքից, իսկ մյուսը փակվել է տներում: Ըստ երեւույթին, Լինչի դատաստանով սպանված սիրիացիների թիվը զգալի է, որ կառավարամետ հասարակական գործիչ Հաքան Ալբայրաքը Odatv.com-ի տվյալներով, «Ռեյհանլիի կոտորածի» մասին է արտահայտվել, դա վերագրել է տեղացիներին եւ ավելացրել. «Պայթյուններից անմիջապես հետո հարձակվել եւ քարկոծելով սպանել են սիրիացիներին»:

Հակառակ Ալբայրաքի, Ռեյհանլիի բնակիչներն էլ մեղադրել են սիրիացիներին, թե պայթյունի օրը դեպքի վայրում, այսինքնՙ քաղաքապետարանին եւ փոստին հարող հրապարակներում ոչ մի փախստական չի եղել, սպանված բնակիչները անհամար են, չկա մի ընտանիք, որ զոհ տված չլինի, կան բազմաթիվ անհետ կորածներ, Թուրքիայի սիրիական սահմանը վերածվել է մաղի, մեր ոստիկաններին, զինվորներին ապտակում, խլում են նրանց զենքը (վարձկանները), ոչ ոք ձայն չի հանում:

Սիրիացիների հանդեպ բնակչության զայրույթը բացի անվստահությունից կարելի է պայմանավորել պայթյունները «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների եւ հատկապես Ան Նուսրայի մարդասպաններին վերագրելու դրսեւորումներով: Միանգամայն հնարավոր է, որ պայթյունները կազմակերպած լինեն այդ վարձկանները կամ մարդասպանները: Սակայն պետք է ճշտելՙ ո՞ւմ հրահանգով, որովհետեւ ահաբեկչական ոչ մի կազմակերպություն այդպիսի դեպքերում ինքնուրույն չի գործում, մանավանդ որ խնդրո առարկան մեկ տոննա պայթուցիկը 2 միկրոավտոբուսի մեջ տեղադրելուց հետո օրը ցերեկով դրանք Ռեյհանլիի կենտրոնական հրապարակներ հասցնելն է եւ անարգել պայթեցնելը:

Ավելին, զարմանալի է պայթյունից հետո Ռեյհանլիում տիրող աղետալի վիճակում իսկույն ինը կասկածյալի ձերբակալող իրավապահ մարմինների անգործությունը նախքան պայթյունները: Էլ չենք խոսում կասկածյալների հետ գավառապետ Յուսուֆ Գյուլերի նախօրոք արված լուսանկարի մասին, որը մայիսի 14-ին հրապարակեց Odatv-ն: Թերեւս այդ հրապարակումն էր պատճառը, որ պայթյունների իրականացումը ձերբակալվածներին վերագրող ներքին գործերի նախարարը այնուհետեւ հայտարարեց. «Նրանք բուն իրականացնողները չեն, պարզապես կողմնակի աջակցել են»:

Մինչդեռ նա նշել է, որ Մուխաբարաթը նախագահ Ասադի կարգադրությամբ ձերբակալվածներին է հանձնարարել ահաբեկչական պայթյունների իրականացումը Ռեյհանլիում: Եթե իրականացնողները հայտնաբերված չեն եւ շարունակ մեղադրվում է նախագահ Ասադը, կնշանակիՙ թուրքական իշխանությունները չունեն բացահայտելու մտադրություն: Նրանց հետաքրքրում է Ասադի վարչակարգին տապալելու միջոցով Սիրիայում իշխանափոխության իրականացումըՙ առանց հաշվի առնելու, որ ամեն մի երկրում իշխանությունը փոխվում է ժողովրդի կամքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ