ԲԱԼԱԼԱՅԿԱՀԱՐ ԱՆԴՐԵՅ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՀԱՄԵՐԳՆ ԱՅՍՕՐ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակում այսօր տեղի կունենա Ռուսաստանից հրավիրված բալալայկահար Անդրեյ Գորբաչովի համերգը: Անդրեյ Գորբաչովը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակից: Իսկ այժմ դասավանդում է Մոսկվայի Գնեսինների անվան ակադեմիայում, ժողնվագարանների ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր: Գորբաչովի կատարողական արվեստը աչքի է ընկնում տեխնիկական վարպետությամբ եւ ինքնատիպ ձեռագրով: Բալալայկահարը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հայաստանին եւ Ռուսաստանին մշտապես կապել են մշակութային կապերը, ինչի վառ ապացույցը կայանալիք համերգն է: Երաժիշտն ընդգծեց, որ համերգին ռուսական գործիքը կներկայացվի առաջին անգամ. «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս փառատոնին, որի շրջանակներում ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ»: Առաջիկա համերգի ժամանակ կներակայցվեն հատվածներ «Կարմեն» օպերայից, Պագանինիի գործերից եւ այլն: Բալալայկահարի խոսքերով` արդեն վերջին 25-30 տարիների ընթացքում փոխվում է այդ գործիքի երաժշտացանկը` դուրս գալով ավանդական ընկալումներից. «Այժմ կան գրված ավելի քան 50 համերգներ բալալայկայի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաեւ ներկայացվում են նոր ուղղություններ: Ներկայացվելու են ոչ միայն դասական հայտնի գործեր, այլեւ ժամանակակից հիթեր»: Համերգին կմասնակցի նաեւ դաշնակահարուհի Նատալյա Շատոխինան: Ասուլիսի վերջում հյուրերը երաժշտական կարճ համար կատարեցին լրագրողների համար: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հովանավորում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: |