RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԶՐՈՒՅՑԻ ՍԿԻԶԲԸ...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ժամանակի շատ կարճ հատված տարանջատող թվերՙ մարտի 9-մայիսի 16, 2013 թվական: Այսօր Հակոբ Հակոբյանը 90 տարեկան է: Երկու ամիս, 7 օր եւ նա կդիմավորեր իր կյանքի իններորդ տասնամյակը: Մարդու երկրային կյանքի համար թվում է պատկառելի տարիք, գուցեՙ այո, երբ չափում ենք յուրաքանչյուր օրվա հոգեկան մեր ծանրությունըՙ ապրումի, զգացումի, մտքի: Իրականում ժամանակը միշտ չի բավարարում, եւ կյանքը կիսատ է թողնում շատ իղձեր:

Հակոբ Հակոբյանը ապրեց ստեղծագործապես հագեցած կյանք, այդ կյանքը իր աշխատանքն էրՙ նկարչությունը-իր ամենօրյա ապրումը, նոր ծնվող խոհը, զգացումը, հույսը, տպավորությունը, վերաբերմունքը, տառապանքն ու ուրախությունը, որոնց արտահայտման ձեւը նա գույնի մեջ գտավ: Նկարչությունն իր համար նախ եւ առաջ ինքնարտահայտման կերպ էր, ինքն իրենից դուրս մղվելու ելք, այսինքնՙ գոյության ձեւ, աշխարհի հետ հարաբերվելու միջոց, իր ներքին կյանքի հայելին: Այս հայելու մեկ երեսը գիտեինք, կամ կարդում էինք,- իր արվեստի փիլիսոփայական, ներհայեցողական բնույթը, ջրի հանդարտ մակերեւույթիՙ մտասեւեռում-մեդիտացիայի տանող վիճակներըՙ իբրեւ բնության ստատիկ ներկայություն, ցանկասեր աշխարհի մարդկային կերպարներից իրերի աշխարհ, մանեկենային ֆիգուրների դաշտ տեղափոխվելու իրողություն (թերեւս դիտել դա կարելի է իբրեւ փախուստ իրականությունից, արվեստում օգտագործված եւ շատ ընդունված escapeism կոչվածը): Եվ թվում էր նկարիչը ինքնասույզ, ինքնամերձ է ավելի քան: Որովհետեւ աթոռի մոտ դրված մաշիկը այնպես է տխրում, ասես լքված է տիրոջից, տղամարդու եւ կնոջ հագուստներն այնպես են գգվում իրար, ասես սիրտ է բաբախում նրանց ներսում, իսկ կենդանու մորթված հայացքը դաժանության սարսափն է գուժում: Մենք տեսնում ենք ծառի մենակ հպարտությունը եւ ձգվող ճանապարհի անեզրությունը:

Իր կյանքի մայրամուտին ստեղծագործական ուժը բնավ չլքեց նրան, արվեստի մշտարթուն հոգի ուներ Վարպետը, որոնող ու նորը ստեղծաբանող միտք: Սառը երկաթին հպվեց ու կյանք հաղորդեց մետաղին, արհեստագործական անշուք գործիքները շարժման մեջ դրեցՙ կերպավորելով նրանց սիրո, ատելության, ընդվզումի ու խոնարհության հանդերձով: Եվ ոչ միայնՙ նրանց մի մասից նրբագեղության հմայք ու քնարականության շունչ էր հորդում իր արվեստանոցում: Չհասցրեց-ընդամենը 10 օր, սիրտը չհնազանդվեց: Չտեսավ վերջին ցուցահանդեսը: Իր տիկինըՙ Մարին, խորագետ ու նրբանկատ էության տեր արվեստագետ, նկարչի խոհակիցը, պատմում էր, որ Վարպետը զգում էր մոտալուտ մահը եւ արտահայտվել է:

Հակոբ Հակոբյանը իր ծննդյան օրը ընկերների, մտերիմների հետ էր սիրում դիմավորել, առանձնակի հաճույք էր ստանում նրանց պատվելուց ու նրանց մասին խոսելուց. խոսում էր ցած-մեղմ ձայնով, յուրաքանչյուրի հանդեպ իր սիրո արտահայտությունը կամ վերաբերմունքը նրանց գործը գնահատելու ու սիրտը ճանաչելու արդյունքն էր, յուրաքանչյուրինՙ անհատական մոտեցումով, ըստ էության:

«Երկաթե երկերի» ցուցահանդեսը բացվեց եւ իր ծննդյան 90-ամյա հոբելյանը ահա մենք նշում ենք առանց նրա: Իր վերջին ստեղծագործական հղացքըՙ եթե խորը մտածենք, ամբողջության մեջ կյանքի մեծ բեմահարթակն է, տարասեռ եւ տարաշերտ եւ մի յուրատեսակ ներբող է առ երկրային կյանքն ու մարդկային փոխհարաբերությունները, որքան բարդ, նույնքան հետաքրքրական, որտեղ զարմանալի համակցված են սերն ու ատելությունը, հուսահատությունն ու մխիթարանքը, ընդվզումն ու համբերությունը, գթասրտությունն ու դաժանությունը, դավաճանությունն ու հավատարմությունը: Եվ, իհարկեՙ անմեղությունը:

Հակոբյանի արվեստի մետաֆորը ճանապարհն է, որ միացնում է աշխարհի երկու երեսակներըՙ անհայտի ու հայտնիի. հոգու զգացողությամբՙ մետաֆիզիկական-բնազանցականը եւ ապրած կյանքի փորձով երկրայինըՙ բնությունը. եւ դրա հարազատ կանչն էր արվեստի քանդակների վերջին շարքը, որպես ինքնաստեղծ միկրոաշխարհ, միկրոկյանքՙ իր բնական գործողություններովՙ դրամայով ու կոմեդիայով:

Ինքըՙ արվեստագետը, խոհական կերպար էր եւ տագնապ էր ապրում յուրաքանչյուրի, ոչ միայն իր երկրի ու ժողովրդի, այլեւ մոլորակի, մարդու ու բնության ճակատագրի համար: Իր հնչեցրած «Երկաթե երկերի» ձայնը պատգամ է. պատգամՙ հանուն կյանքի, մարդկային պատմության ու քաղաքակրթության, բնության շարունակականության: Եվ թերեւսՙ աշխարհը թողնող իր հոգու կարոտն էրՙ այդ նույն աշխարհի հանդեպ: Այո, երիցս ճիշտ էր Ավ. Իսահակյանը մորմոքում. «Ծնվում ենք ակամա, ապրում զարմացած, մեռնում կարոտով...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ