RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1619, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 64

Ա. ԱՇՈՏՅԱՆԸՙ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր պաշտոնավարման նախորդ տարիներին կրթության ոլորտում տեղ գտած ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ կրթության համակարգի առաջիկա ծրագրերին:

«Կրթության որակի խնդիրը երբեք չի կարելի լուծված համարել»,- ընդգծում է Ա. Աշոտյանը եւ ավելացնում, որ ժամանակը միշտ նոր հրամայական է առաջադրում: Ըստ նախարարիՙ Հայաստանում կրթության որակը տարբեր կրթական հաստատություններում տարբեր է. «Օրինակՙ մենք ունենք միջազգային մակարդակով մրցունակություն ապահովող դպրոցներ, միաժամանակ` դպրոցներ, որոնք չեն բավարարում մեր ակնկալիքները»:

ԿԳ նախարարն ասաց նաեւ, որ պետք է նախ եւ առաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ, որ իր երեխան բացակայի դասերից փոխարենը գնալով կրկնուսույցի մոտ: Ա. Աշոտյանը ավելացրեց, որ պետք է ուսանողը հրաժարվի կաշառքով քննություն ստանալուց կամ գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տա լավ մասնագետին եւ ոչ թե ծանոթին, բարեկամին, հարեւանին:

Իհարկե, սրանք մեզ համար ցավալի եւ բաց կողմեր են, որոնք կարծես թե լուծում չեն ստանում եւ ապագայում կստանա՞նՙ դժվար է ասել:

Ըստ Ա. Աշոտյանի, կատարված աշխատանքներից նշանակալի էին Հայաստանի մարզերի 140 գյուղական համայնքներում դպրոցներին կից բացված նոր նախակրթարանանները: Հաջորդ ձեռքբերումը` խստացվել են կրթության որակի նոր չափանիշները: Վերջին 4 տարվա ընթացքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել` գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերի փոխարեն այսօր Հայաստանում գործում է 35 ոչ պետական բուհ: Ինչպես տեղեկացրեց նախարարը, ոչ պետական բուհերի փակմամբ պայմանավորված ոչ պետական բուհերում սովորող ուսանողների կրթական իրավուքները չեն տուժել. «Չունենք մեկ ուսանող, որը նշված գործընթացից տուժել է, բոլորին հնարավորություն է տրվել կրթությունը շարունակելու մեկ այլ բուհում»: Ի դեպ, այսօրվանից ստուգումներ են սկսվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց նպատակը այս կամ այն բուհը փակելը չէ:

«Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում, ներդրվել է մատչելի ուսանողական վարկերի համակարգ, քայլերն այս ուղղությամբ լինելու են շարունակական: Ա. Աշոտյանը նշում է, որ քաղաքական մոտեցումը եւ նպատակային թիրախը այն է, որ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չմնա բուհից:

Նախարարը ընդգծեց, որ ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձերից, սակայն փաստեց նաեւ, որ եթե իսկապես ցանկանում ենք, որ դասախոսների աշխատավարձը եւ կրթության որակը բարձրանա, ուրեմն պետք է ուսման վարձերն էլ բարձրանան:

Չնայած նախարարը պնդում է, որ ուսման թանկացում տեղի չի ունեցել, սակայն շրջանառվող լուրերը հակառակն են ասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ