ԱՐՑԱԽ. ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ` ԱՂԵՏԻ ԿԱՄ ԿԵՂՏԻ ԳՈՏԻ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս «Ազգը» Արցախում էր, մասնավորապես` ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, Տաք ջրերում կամ Ջերմաջրում: Բնության այս յուրահատուկ հրաշք տաք աղբյուրները հազարամյակներ շարունակ զարմացրել են իրենց յուրահատուկ բուժիչ հատկությամբ: Այստեղ աղբյուրների եւ բնական շատրվանների շուրջը հարմարեցված են բնական կրաքարե գուռեր: Տաք ջրերում ամեն ինչ շնչում է նախաստեղծ թարմությամբ, այն այցելուների համար հրաշալի հանգստի վայր է, եթե իհարկե պահպանենք բնության այդ հրաշքը: Սակայն ցավով պետք է փաստենք, որ եթե բնությունը շռայլ է գտնվել` մարդկությանը նման նվեր մատուցելով, ապա մարդիկ անշնորհակալի պես են վայելելում` վերածելով աղբանոցի: Կարելի՞ է բուժվել, ուտել, խմել ապա անասնաբար աղտոտել շրջապատը: Շրջելով Ստեփանակերտում, Շուշիում, ինչպես նաեւ հարակից գյուղերում, ուղղակի հիանում ես տիրող մաքրությամբ եւ իրենց տարածքի հանդեպ մարդկանց ուշադրությամբ: Սակայն ինչ վերաբերում է Տաք ջրերին, ցավոք պետք է նշենք, որ նույնը չենք կարող ասել, ավելին, հենց մեր աչքի առջեւ, Տաք ջրեր այցելած մի խումբ էլ իբր «բուժվում» էր, ապա եղած աղբին ավելացնում իրենցը: Եթե այսպես շարունակվի ինչ կլինի այդ տարածքի վերջը, դժվար է ասել, սակայն կոչ ենք անում, նախ մի՛ մոռացեք, որ այնտեղ, որտեղ բուժվում եք, ապահովում ժամանցը, ձեզանից հետո եւս մարդիկ են գալու: Գոնե պահպանեք այն ձեր սերունդների համար: Կամ էլ ուղղակի մտածեք, թե որքանով ձեզ հաճելի կլինի, երբ ձեր տուն հյուրեր գան, ուտեն-խմեն, ապա տունը վերածեն աղբանոցի: Հ. Գ. Կոչ` բղավող եւ դրամաշնորհներով ապրող հասարակական կազմակերպություններին: Բացի «Պահպանենք բնությունը» կամ նմանատիպ կոչեր հնչեցնելուց, բղավելուց ու Ձեր ներկայությունը զգալ տալուց, հավաքվեք ու մի բարի գործ կատարեք, այս դեպքում, հավաքվեք` ներառելով բոլոր կամավորներին, գնանք եւ մաքրենք Տաք ջրերի հարակից տարածքը, չթողնելով, որ այն նորից վերածվի աղբանոցի: Շահումյանի շրջանում գտնվող այս հրաշքը գտնվում է ծովից 2200-2400 մ բարձրության վրա եւ տեղակայված է Թարթառ գետի ափին` Քարվաճառից 20 կմ դեպի հարավ: 45 աստիճան տաք, թթու եւ հանքանյութերով հարուստ այս ջուրն իր բուժիչ հատկություններով եւ բաղադրությամբ նման է Չեխիայի Կարլովի Վարիի եւ Ջերմուկի հանքային ջրերին: |