RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1658, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՊԱՐՍԿԵՐԵՆ

«Ազգը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ականավոր գիտնական, հայ արաբագիտական դպրոցի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի արտասահմանյան տարբեր երկրներում օռար լեզուներով հրատարակված աշխատություններին, որոնց թիվն անցնում է երեսունից: Նշենք թեկուզ նրա «Հայոց ցեղասպանությունը-Հայասպանությունը ամենացեղասպան ցեղասպանությունըՙ աշխարհի տասը լեզուներով» կոթողային աշխատությունը: Եվ ահա հրապարակի վրա է նրա նոր աշխատությունը, հրատարակված Իրանում (Թեհրան, 2013 թ.) պարսկերեն լեզվով, որը վկայում է հեղինակի միջազգային մեծ ճանաչում ունենալու մասին: Այս աշխատությունը թարգմանված է 2008թ. Կահիրեում արաբերեն լեզվով հեղինակի հրատարակված «Հայ-արաբական պատմական հարաբերությունները» մենագրությունից: Հազվադեպ է պատահում թարգմանություն արեւելյան մեկ լեզվից արեւելյան մեկ այլ լեզվի: Դրանում է նաեւ այդ թարգմանության յուրահատկությունը: Աշխատությունում քննարկված հարցերըՙ հայկական աղբյուրները արաբների եւ արաբական աղբյուրները հայերի մասին, հայ-արաբական հարաբերությունները արաբական խալիայության հիմնումից մինչեւ օսմանյան նվաճումները, հայերը արաբների պետական ծառայության մեջ, արաբական զարթոնքը եւ հայերի դերը նրանում, Հայոց ցեղասպանությունը եւ հարակից այլ հարցեր, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Պարսկաստանի պատմության տեսանկյունից եւ տվյալ պատմական դարաշրջանում Առաջավոր Ասիայում կամ ժամանակակից եզրաբանությամբՙ Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանային հիմնախնդիրները պատմականորեն ճիշտ ըմբռնելու առումով: Իսկ դա անհնար է առանց հայերի, արաբների եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմությունը հաշվի առնելու:

Աշխատությունը արաբերենից պարսկերեն թարգմանել են պարսիկ մասնագետներՙ իսլամագետ Մասուդ Ահմադին եւ արաբագետ Թուրաջ Խոսրավին, որոնք գրքին հավելել են հայ գիտնականի կենսագրությունը եւ տվել նրա հրատարակված աշխատությունների համառոտ ցանկը: Նրանք միաժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը: Թուրաջ Խոսրավին հեղինակին ուղղված իր նամակում գրում է. «Տեսել եմ Ձեր չորսհատորանոց գիրքըՙ արաբական երկրների պատմությունը, եւ դրանք ունենալը ցանկալի է ինձ համար, նույնպես «Հայաստանի արտաքին քաղաքականությունը» գիրքը, որպեսզի օգտագործեմ դրանք իմ ուսումնասիրությունում»: Խոսքը Ն.Հովհաննիսյանի «Արաբական երկրների պատմությունը (VIIդ.- 2005թ)» արաբերեն լեզվով Հալեպում հրատարակված չորսհատորյակի եւ անգլերեն լեզվով «Հայաստանի արտաքին քաղաքականությունը» աշխատությունների մասին է: Պրոեսոր Ն. Հովհաննիսյանը նշված գրքերն արդեն առաքել է պարսիկ գիտնականին:

Այժմ Թեհրանում հրատարակության մեջ է հայ հեղինակի եւս երկու աշխատություն, որոնք նույնպես թարգմանվել են պարսկերեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ