ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է վերջնագծին: Առաջնության ավարտից 2 տուր առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր: 9-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Եվգենի Պոստնիին եւ տեղ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականում: Մովսիսյանն առայժմ անպարտելի է: Նա տոնել է 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Մելքումյանը 3 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի խաղաց Վիկտոր Լազնիչկայի հետ: Հրանտը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 18-րդ տեղը: Մելքումյանն ու Մովսիսյանը կարող են հավակնել առաջնության մեդալներին, եթե ավարտական 2 տուրերում էլ հաղթեն: Նրանք ընդամենը մեկ միավոր են զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյին, որը հաշտություն կնքեց Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: 7-ական միավորով առաջատարին հետապնդում են ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւն ու ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն: 6 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը, որը ոչ-ոքի խաղաց Իվան Սարիչի հետ: 5,5-ական միավոր են վաստակել Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Աղասարյանը: Այս քառյակից տուրն առավել հաջող էր Աղասարյանի համար, որը հաղթեց Կայդո Կուլաոտսին: Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Զոլթան Ալմազիի հետ, իսկ ահա Պետրոսյանն ու Փաշիկյանը պարտվեցին համապատասխանաբար Անտոն Կորոբովին եւ Ալեքսեյ Դրեեւին: 9-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին նաեւ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Քրիստիան Ջիանուի հետ ու վաստակեց 5 միավոր: |