ԼԱՎՐՈՎ. «ՍԻՐԻԱՆ ԿՍՏԱՆԱ C-300 ՀՐԹԻՌՆԵՐ» «Նյու Յորք թայմսը» գրում է նաեւ արդիական «Յախոնտ» հրթիռների առաքման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել է, որ սիրիական տարածքի վրա իսրայելական օդուժի ձեռնարկած գրոհներից շատ առաջ Սիրիային C-300 զենթահրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ ընդունված որոշումը պետք է կատարվի: «Հակաօդային պաշտպանության համակարգերը առհասարակ մատակարարվում են գնորդ երկրին օդային հարձակումներից պաշտպանելու համար: Այդ պայմանագրերը կնքվել են շատ ավելի վաղ, քան անցյալ տարի եւ վերջերս Սիրիային հասցված օդային հարվածները», ասել է Լավրովը, որի խոսքը մեջբերում է Ինտերֆաքս գործակալությունը: Հարցազրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ C-300-ների մատակարարման նպատակը սիրիական տարածքի պաշտպանությունն է օդային հարվածներից: Իսրայելը դեմ է մատակարարմանը եւ վախենում է, որ C-300-ները տարածաշրջանում կարող են արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը: ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ Մոսկվան Ասադի վարչակարգի հետ նոր համաձայնագիր չի ստորագրել, բայց պարտավոր է կատարել ավելի վաղ ստորագրած պայմանագրերը, որոնք, նրա խոսքերով, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին ու պահանջներին: «Նյու Յորք թայմս» թերթը իր հերթին պնդում է, թե Մոսկվան սկսել է Սիրիային մատակարարել որոշ նորագույն զինատեսակներ: Խոսքը արդիականացված հականավային «Յախոնտ» թեւավոր հրթիռների մասին է: Անցյալում սիրիացիները ստացել էին սովորական «Յախոնտ» հրթիռներ, բայց նորերն ունեն կատարելագործված ռադար, որը մեծացնում է դրանց արդյունավետությունը: «Արդիականացված թեւավոր հրթիռների շնորհիվ Բաշար Ասադի վարչակարգը կկարողանա ի չիք դարձնել ծովային սահմանափակ, թռիչքազերծ գոտու ստեղծման կամ սահմանափակ օդային հարձակման միջոցով ընդդիմությանն օգնելու Արեւմուտքի բոլոր փորձերը», ենթադրում է «Նյու Յորք թայմսը»: Թերթի աղբյուրները հետախուզական գաղտնի տեղեկություններին առնչվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ են: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանից եւ Ռուսաստանից Բաշար Ասադի ստացած զինատեսակները նրան կօգնեն պահպանելու իր դիրքերը: Վաշինգտոնում ենթադրում են, որ դա բացասաբար կանդրադառնա Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Դրանց անցկացմանը նպաստելու նպատակով հունիսի սկզբին անցկացվելու է միջազգային կոնֆերանս, որին պետք է մասնակցեն Սիրիայի պաշտոնական իշխանությունների եւ ապստամբական շարժման ներկայացուցիչները: |