ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեկ մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ: 38-ամյա դարպասապահը մինչեւ 2014-ի հունիսը կլինի ռուսական անվանի ակումբի անդամ: Ընթացիկ մրցաշրջանում Բերեզովսկին հազվադեպ էր հայտնվում թիմի հիմնական կազմում: Դժվար թե հաջորդ մրցաշրջանում էլ իրավիճակը փոխվի: Սակայն պայմանագրի երկարաձգումը շատ կարեւոր է նախեւառաջ ՀՀ հավաքականի համար: Այն հնարավորություն կընձեռի փորձառու դարպասապահին լավ մարզավիճակում գտնվել եւ եւս մեկ տարի պաշտպանել մեր ընտրանու դարպասը: «Ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությունը վաղուց կար: Մնում էր միայն ստորագրել: Վերջապես դա տեղի ունեցավ: Երջանիկ եմ, որ մնում եմ «Դինամոյի» պես հզոր ակումբի մի մասնիկը: Այս մրցաշրջանում հազվադեպ էի խաղադաշտ դուրս գալիս, սակայն հուսով եմ, որ կարող եմ դեռ օգտակար լինել թիմին: Կարեւորը, որ մեր թիմը հաղթի», նշել է Ռոման Բերեզովսկին: |