ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցները լուսավորվում էին նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228: Ինչպես երեւում է բերված թվերից, Երեւանում նավթային լապտերների թիվը մինչեւ 1906 թ. ավելացել է, իսկ դրանից հետո կտրուկ անկում ապրել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործմամբ: Երեւանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակեցին գոյություն ունենալ մինչեւ 1920-ական թվականները: Երեւանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներՙ հասարակ եւ «Գալկինի»: 1880 թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889 թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը կազմել են 4784 ռուբլի, 1913 թ.ՙ 2451 ռուբլի: Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետոՙ մինչեւ ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմՙ Աբովյան) 1913 թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորության վիճակը ծանր էր նաեւ 20-րդ դարի սկզբներին: 1905 թ. Նորքի փողոցներում կային ութ հին նավթային լապտերներ, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետր: |