ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Վտանգավո՞ր են արդյոք Թուրքիայի հյուպատոսությանՙ Գերմանիայում իրենց համերկրացիներին անվճար տրամադրած մայրենի լեզվի դասագրքերը: Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասի կրթության նախարարությունը վերոնշյալ հարցի պատասխանն ունենալու համար հանձնարարել էր կրթության եւ գիտության արհմիությանը` իրեղեն ապացույցներ ներկայացնել այդ դասագրքերում առկա ազգայնամոլ, պատմությունը խեղաթյուրող հատվածների վերաբերյալ: WAZ տեղեկատվական խմբի անկախ, ազգությամբ թուրք փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Գերմանիայի ամենախիտ բնակեցվածՙ Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասում թուրքերիՙ մայրենի լեզվով ուսուցման դասագրքերում միանշանակ առկա է ազգայնամոլ, զրպարտող, պատմությունը կեղծող շարադրանք: Գերմանական Էսսեն քաղաքում տեղակայված WAZ տեղեկատվական խումբը, որ ԳԴՀ-ում եւ նրա սահմաններից դուրս հրատարակում է 27 օրաթերթ, 13 շաբաթաթերթ, 175 մասնագիտական, 99 ազդ-գովազդային բնույթի ամսաթերթեր, ունի տպարան, ռադիո-հեռուստատեսային եւ ինտերնետ ծառայություն, հետամուտ է դասագրքերի այս թեմային ու դրան անդրադառնում է պարբերաբար: «Հրատարակիչները փառաբանում են թրքությունը, իսկ երկրի մութ էջերը լռության մատնում», պարզաբանում է փորձաքննությունը: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) պահանջել է արգելել հիշյալ դասագրքերի գործածումը երկրամասային դպրոցներում, իրազեկում է ShortNews-ը: Հիշյալ դասագրքերն իրենց ազգակիցներին են տրամադրում Գերմանիայում Թուրքիայի հյուպատոսությունները: «Ինտեգրացիան չի կայանա, եթե մեր երեխաներին կեղծ հպարտություն ներարկենք այն երկրի պատմության հանդեպ, որտեղից սերում ենք, միաժամանակ հրահրելով նրանց այլ ծագում ու հավատ ունեցողների դեմ», ձեւակերպել է ԳԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանը : Անընդունելի է հատկապես այն հանգամանքը, որ Գերմանիայում աշակերտներին սնում են Հայոց ցեղասպանությունը ուրացողՙ Անկարայում ձեւակերպված գաղափարներով: Դասագրքում տպված է. «Հայերն ու թուրքերը բազում տարիներ խաղաղ գոյակցել են: Երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիներն ու ռուսները հայերին հրահրեցին Օսմանյան կայսրությունը թուլացնել, շարժման մեջ մտավ թուրքական բանակը Արեւելյան Անատոլիայում, իսկ հետեւանքը եղավ այն, որ հայերը Անատոլիայից հրաժարվելու պայմանագիր ստորագրեցին»: Գերմանիայի կրթական ոլորտի պատասխանատուները, Հոլոքոսթի փորձառությունը, առերեսման երկար ու ծանր գործընթացն աչքի առաջ ունենալով, չպետք է հանդուրժեն ցեղասպանության հանդեպ նման վերաբերմունքը, լրատվամիջոցներին հասցեագրած նամակում ձեւակերպել է ԳԿԽ նախագահը: Դույսբուրգ-Էսսենի համալսարանին կից թուրքագիտության ինստիտուտի գիտաշխատող Փինար Օգուզկանն այն կարծիքին է, թե Թուրքիայում ծնվածների համար գրված դասագիրքը չի կարող ծառայել նաեւ գերմանաբնակներին, որոնց լեզվի ուսուցման համար հատուկ դասագիրք է հարկավոր: «Անկարայի կրթության նախարարության պատրաստած քառահատոր դասագրքերում թուրքական դրոշի ու Աթաթուրքի նկարների առկայությունը չէ, որ խնդրահարույց է, այլ այդ խորհրդանիշների գերագնահատումը, անհատի պաշտամունքի միջոցով թրքության փառաբանումը, պատմության ստվերող մասերի բացակայությունը», WAZ-ի մայիսյան համարներից մեկում իր մեկնաբանությունն է ներկայացնում Մաթթիաս Քորֆմաննը : Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասի 830 դպրոցում շուրջ 50 000 աշակերտ թուրքերենը որպես մայրենի լեզու է ուսանում: 339 ուսուցիչ է դասավանդում, նրանցից 150-ին վերապատրաստել է վերոհիշյալ թուրքագիտության ինստիտուտը, մյուսները վերապատրաստվել են Թուրքիայում: |