ԹՈՂԱԾ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼՈՒ ԽՆԴԻՐԸՙ ՄԻ ԶԲԱՂՎԵՔ ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2012 թվականի բյուջեի կատարողականն արդեն երեք օր քննարկվում էր Ազգային ժողովում, եւ այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մի լավ հասցրին կառավարության հոգին ուտել իրենց քննադատությամբ. խոսեցին ամեն ինչից` կատարողականի թվերի անարժահավատությունից, Նավասարդ արք. Կճոյանից ու օֆշորում Տիգրան Սարգսյանի անունով գրանցված ձեռնարկությունից, արտագաղթի մեծացող ծավալներից, սոցիալական վատ վիճակից, ցանցաթաղանթի նման Հայաստանը պատած կոռուպցիայից, 50 տոկոս ստվերից, ու նրանք բոլորը, ԲՀԿ-ն ներառյալ, չէին քվեարկելու կատարողականի օգտին: Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախ իր անվան շուրջը օֆշորային սկանդալին` նշելով, որ փողերի լվացման դեմ պայքարի հայեցակարգն ու մեխանիզմներն իր անմիջական ղեկավարությամբ են ներդրվել, ինքը տեղյակ է օֆշորային գոտուց ու հաշիվներից, այնպես որ օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծելու եւ ուրիշի բիզնես խլելու կամ փողերի լվացման մեղադրանքի առումով ավելի անհեթեթ սխեմա դժվար էր կառուցել: Ֆինանսական համակարգի հետ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ դա անհեթեթություն է` ոչ ինքն է գրանցել, ոչ էլ որեւէ մեկին լիազորություն է տվել այդ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել. «Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետեւ սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ էլ առաջին», ասաց նա` նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում այդպիսի մեղադրանքները բազմաթիվ են եղել. «Երբ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, սնանկացնում եմ այդ բանկերը, ունենալով մի նպատակՙ դառնալ այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ, ավելինՙ ինչ որ լրագրողներ գնացել էին, ոչ միայն նկարներն էին բերել, այլեւ հարցազրույցներ էին արել հարեւանների հետ, որոնք հավաստիացրել էին, ասել էինՙ այո, այստեղ մի փոքր երեխա կար, եւ քանի որ վարչապետն ուներ երեխա, ուրեմն դա հենց նրա երեխան էր եւ այլն: Հետագայում այդ մեղադրանքներն էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ. պարզվում է, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն եմ ես: Նմանատիպ օրինակները կարելի է շարունակել»: Վարչապետը օֆշորային գոտում իր անունով գրանցված ընկերության վերաբերյալ մի անգամ էլ պատասխանեց ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի հարցին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ադամանդագործության մի ծրագրի իրագործման նպատակով Տիգրան Սարգսյանի միջնորդությամբ «Ամերիա» բանկը մի գործարարի տրամադրել է 10 ,7 ԱՄՆ դոլար վարկ, որը չի ծառայել նպատակին, իսկ Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշվին ուղարկվել է 350 հազար դոլար: Օգնելով անբարեխիղճ ձեռնարկատիրոջը` վարչապետը ստացել է իր մասը, եզրակացրեց Լեւոն Զուրաբյանը «Հետքի» հրապարակման հիման վրա: Վարչապետը նկատեց, որր լրագրողներն այնքան հնարամիտ են, եւ այնպիսի պատմություններ կարող են հայտնվել մամուլում, որ եթե Լ. Զուրաբյանն ու մյուս պատգամավորները սկսեն գիշեր- ցերեկ զբաղվել այդ պատմությունների հետաքննությամբ, եւ այլեւս օրինաստեղծ գործունեությամբ չեն կարողանա զբաղվել (այս ասածի մեջ երգիծանք կար): Նման դեպքերում միջազգային պրակտիկայում դիմում են դատարան, ինչը վարչապետն արել է.«Սա շինծու պատմություն է, եւ ՀՀ-ում առեւտրային կազմակերպությունների կողմից տրամադրված ցանկացած վարկ, որ ունի վերադարձնելիության խնդիր, կարելի է կապել վարչապետի հետ: Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվեք անհեթեթ պատմություններով», Լ. Զուրաբյանին սեպեց վարչապետը Իսկ կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում, որպես բյուջեի կատարման գործընթացի ցուցիչ, Տ. Սարգսյանը նշեց, որ Հայաստանն աշխարհի պետությունների հնգյակի մեջ է մտնում, որ օն-լայն ռեժիմով ամեն օր հանրությանը հաշվետվություն են ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ: Կառավարությունն է հենց խրախուսում է թափանցիկ եւ վերահսկելի գործելաոճը, որովհետեւ դա երաշխիքներ է ստեղծում, որ բյուջետային միջոցները կծախսվեն արդյունավետ, որ Վերահսկիչ պալատի քննարկումները լինեն հրապարակային, բաց ու թափանցիկ, որ բոլոր բացահայտումները, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսումը դառնան քննարկման առարկա, որովհետեւ դա է չարաշահումներ չունենալու երաշխիքը: Դեպի ապագա նայելով, թե հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն, շեշտադրումն այս փուլում վարչապետը դնում է ներքին ռեսուրսների բացահայտման վրա: Այնպես որ, ըստ վարչապետի, արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է, 2012 թվականին առաջին արդյունքները դարձել են շոշափելի, եւ այս քաղաքականությունը պետք է շարունակել: Ինչպե՞ս լուծել սոցիալական ոլորտի, արտագաղթի, գործազրկության, աղքատության խնդիրը: Նա կարեւորեց այդ առումով կրթական բարձր ցենզը` լավ աշխատանք ունենալու առումով, սոցիալապես անապահով ընտանիքներում աշխատունակ մարդկանց աշխատանքով ապահովումը` հնարավորություն տալով մարդկանց իրենց աշխատանքով վաստակել գումարներ: Այդ տեսակետից չափազանց կարեւորեց աշխատանքի ռեֆորմը. «Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ ավելացնելու ենք մինիմալ աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, եւ դա տեղի է ունենալու համակարգված ձեւով, քանի որ ներկայացվելու է ձեզ միասնական սանդղակ, որը վերջապես հնարավորություն է տալու մեզ գալու քաղաքական կոնսենսուսի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի քաղաքականությունը ըստ իշխանության տարբեր ճյուղերի», ասաց: Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար առավելագույն նպաստավոր պայման ստեղծում է կայուն մակրոմիջավայրը` կանխատեսելի գնաճով: Այդ տեսակետից, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է լինեն ճկուն, եւ հավասարակշռված քաղաքականություն պետք է իրականացվի, համոզված էր վարչապետը: |