ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՁԳՏԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրին, որին ներկա էին նաեւ լրագրողները: Իսկ պարապմունքից հետո ընդունված կարգի համաձայն հավաքականի 3 ֆուտբոլիստների հնարավորություն ընձեռվեց շփվելու լրագրողների հետ: Հենրիխ Մխիթարյան - Մենք սեփական հարկի տակ չենք հաղթել, այնպես որ բուլղարացիների հետ խաղում պետք է ձգտենք անպայման լրացնել այդ բացը: Առջեւում շատ կարեւոր 2 հանդիպում ունենք, որոնց շատ լրջորեն ենք պատրաստվում: Բուլղարիայում կայացած հանդիպումն արդեն անցյալում է եւ պետք է մոռանալ այն, ինչ կատարվեց Սոֆիայում: Մենք գրեթե բոլոր խաղերում էլ կազմի հետ կապված կորուստներ ենք ունեցել: Սակայն ունենք հավաքականի մարզիչ, որը կփորձի լուծել բացակա ֆուտբոլիստներին փոխարինող գտնելու հարցը: Չեխիային հաղթելուց հետո ասել էի, որ շատերի բերանը փակեցինք: Դա պատասխան էր այն մարդկանց, որոնց կարծիքով ազգային հավաքականի հաղթանակները պատահականություն են, որ ներկայումս հավաքականն անկում է ապրում: Մենք ազգ ենք ներկայացնում, խաղում ենք մեր ազգի համար, բոլոր նրանց համար, ովքեր հայ են, ովքեր ծնվել են Հայաստանում: Բուլղարացիների կազմից ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Նրանք ընդհանուր առմամբ լավ հավաքական ունեն: Ավելի լավ է կենտրոնանանք մեր հավաքականի վրա: Կարող եմ ասել, որ հետաքրքրական խաղ է սպասում: Եթե կարողանանք 3 միավոր վաստակել, ապա Իտալիայի հետ խաղն ավելի կարեւոր կլինի մեզ համար: Էդգար Մալաքյան - Առաջիկա խաղից մեր սպասելիքները դրական են: Պետք է ձգտենք առաջին հաղթանակը տոնել տանը: Տեսականորեն դեռեւս 2-րդ տեղը գրավելու հնարավորություն ունենք: Ճիշտ է, դա կախված կլինի նաեւ մյուս հանդիպումների արդյունքից: Հավաքականում շատ ջերմ մթնոլորտ է: Կոչ եմ անում ֆուտբոլասերներին վատ չտրամադրվել բուլղարացիների հանդեպ: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Արտակ Դաշյան - Շատ ուրախ եմ, որ ինձ կրկին հրավիրել են ազգային հավաքական: Կփորձեմ ապացուցել մարզիչներին, որ իմ ընտրության հարցում չեն սխալվել: Բուլղարիայի հավաքականը շատ լավ թիմ է, որն ուժեղ է իր կոլեկտիվ խաղով: Այնպես որ ոչ մեկին չէի առանձնացնի: |