RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՁԱԽՈՂՎԱԾ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ... ԿԱՄ ԷԼ Ի՞ՆՉ ՎԻԼՆՅՈՒՍ ԱՌԱՆՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին սեպտեմբերերեքի հայտարարությունը, որ արվեց Մոսկվայում Հայաստանի նախագահի կողմից, ոչ այնքան վախ ու տագնապ առաջացրեց հենց Հայաստանի առնչությամբ, որքան արեւելյան գործընկեր մյուս երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի առումով: Նշված երեքից էլ առավելագույն ուշադրություն ու կշիռ Արեւելյան գործընկերության համատեքստում ունի Ուկրաինան, որի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման հարցը նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի` գործընկեր երկրներին առնչվող ամենակարեւոր հատվածն է:

Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրման տապալված հեռանկարի ֆոնին բոլոր հայացքներն ուղղված էին Ուկրաինա, որ հանկարծ վերջինս տեղի չտա ռուսական ճնշումներին` հետ կանգնելով Եվրոմիության հետ ասոցիացումից ու ազատ առեւտրի գոտու ստեղծումից: Միեւնույն ժամանակ, Եվրոմիությունը որքան էլ անհանգստացած է ռուսական ճնշումների առնչությամբ, այդուհանդերձ, հետամուտ է Ուկրաինայի առաջ դրված պահանջները բավարարված տեսնելու հարցում` մինչեւ որեւէ փաստաթուղթ ստորագրելը:

Երեկ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում կամ Եվրոմիությունը պետք է հրաժարվի իր պահանջներից, կամ Ուկրաինան, Հայաստանի նման, Վիլնյուսում առանձնակի անելիք չի ունենա: Երեկ ուկրաինական խորհրդարանն այդպես էլ չի կարողացել նույն հայտարարի գալ ու ընդունել քննարկման դրված «Ազատազրկվածներին այլ երկիր տեղափոխելու մասին» օրինագիծը, որը հնարավորություն կտար լուծելու ԵՄ պահանջներից մեկը` Յուլյա Տիմոշեկոյի հարցը:

Ավելին, մինչեւ նոյեմբերի վերջ արդեն ժամանակը բավականին քիչ է այդ օրինագիծն ընդունելու գործընթացն ավարտելու համար, թեեւ որոշ տեղեկություների համաձայն, նոյեմբերի 19-ին եւս մեկ նիստ է գումարվելու ուկրաինական խորհրդարանում:

«Ազգը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ին տեղի էր ունեցել ԵՄ արտգործնախարարների հանդիպում, նախատեսվում է եւս մեկ հանդիպում նոյեմբերի 18-ին, որի ժամանակ որեւէ որոշում կայացնելու հավանական-ոչ հավանական լինելու մասին դեռեւս չի նշվում, բայց ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հարցը հաստատ քննարկվելու է:

Եվրոմիության հետ հարաբերություններում Ուկրաինայի համար խնդրահարույցը միայն Տիմոշենկոյի հարցը չէ: Նոյեմբերի 11-ին էլ Ուկրաինայի նախագահը արհմիությունների դաշնության նախագահ Յուրի Կուլիկից նամակ է ստացել` շեշտադրումներով, թե ողջ Ուկրաինայում մտահոգություններ կան` Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների գործընկերների հետ արտադրական կապերի բարդացման հետեւանքով ձեռնարկությունների վատթարացող տնտեսական վիճակի պատճառով:

Սրան, ըստ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի, Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել դժգոհություն արտահայտող ձեռնարկատերերի ու արհմիությունների ներկայացուցիչների հետ, շեշտելով, թե համամիտ է արտահայտված մտահոգությանը: Յանուկովիչի խոսքերով, արդեն իսկ որոշ խոշոր ձեռնարկություններ կրճատում են աշխատավարձերը, հաստիքները եւ այլն:

Հանդիպմանը մասնակից Արդյունաբերողների եւ ձեռներեցների ուկրաինական միության նախագահ Անատոլի Կինախն իր հերթին նշել է, որ խնդիրներ են առաջանում հատկապես Մաքսային միության անդամ երկրերի հետ, ի մասնավորի` Ռուսաստանի:

Փաստացի այն, ինչ բարձրաձայնում են տնտեսվարողները, կարող է լինել կամ գոնե դառնալ պետական մոտեցում, այսինքն` հրաժարում Ասոցիացման համաձայնագրի ստորագրումից: Մյուս կողմից էլ տեղեկություններ են տարածվում, թե Ուկրաինան ցանկանում է հետաձգել Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը: «Ռեգնում» գործակալության աղբյուրների համաձայն, Ուկրաինան ոչինչ չի ստորագրի Վիլնյուսում, քանի որ Եվրոմիության ներկայացուցիչներն արդեն քննարկում են համաձայնագրերի ստորագրումը 2014 թվական կամ էլ ավելի ուշ տեղափոխելու հարցը, թեեւ հետաձգման նախաձեռնողը ուկրաինական կողմն է:

Հայտնի է, որ Ուկրաինան բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք դրամական արտահայտությամբ մեծ թվեր են կազմում, ընդ որում առեւտրաշրջանառության գրեթե կեսը Ռուսաստանի ու Ղազախստանի հետ է, Եվրոմիությունն էլ, Մոլդովային օգնելու պատրաստակամությամբ հանդերձ, դրամական աջակցություն Ուկրաինային տրամադրել չի պատրաստվում: Ուկրաինայի մասշտաբների պարագայում դա լիովին հասկանալի մոտեցում է, որը, սակայն, տվյալ դեպքում նպաստում է, որ Արեւելյան Եվրոպայի այս հսկան գլորվի «մեծ արջի» գիրկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ