ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրիայի հյուսիս-արեւելքում ապրող քրդերը հայտարարել են, որ իրենք ստեղծում են անկախ անցումային կառավարություն: Ֆրանսպրես գործակալությունը հաղորդում է, որ Կամիշլի քաղաքում բանակցությունների արդյունքների հիման վրա քրդերի ստորագրած հռչակագիրը ենթադրում է քրդաբնակ տարածքների բաժանում երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա իր վարչակազմը: Ապագա քրդական կառավարության անդամները դեռ չեն ընտրվել. որոշված է սկսել տեղական եւ ընդհանուր ընտրությունների նախապատրաստությունը: Քրդական բոլոր խմբերը չէ, որ միացել են նախաձեռնությանը: Այսպես, հռչակագիրը ստորագրել են «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությունը եւ մի քանի ուրիշ, ավելի փոքր կազմակերպություններ, սակայն սիրիական Քրդստանի երկրորդ գլխավոր ռազմաքաղաքական ուժըՙ Քրդական ազգային խորհուրդը, առայժմ հրաժարվում է մասնակցել համաձայնագրին: Գործակալությունը նշում է, որ անցումային կառավարություն ստեղծելու որոշումը ընդունվեց քրդական աշխարհազորի հաջողություններից հետո. վերջին շաբաթներին քրդերին հաջողվել է իսլամիստներից հետ գրավել զգալի տարածքներ: Ավելի վաղՙ նոյեմբերի 12-ին, ժամականավոր կառավարության ստեղծման մասին հայտարարել էր Սիրիացի ընդդիմադիրների Ազգային կոալիցիան: Այդ կառավարության կազմում ընդգրկված են ութ նախարարաներ, վարչապետը եւ փոխվարչապետը: Անցումային կառավարությունը պետք է գործի ապստամբների վերահսկողությանը ենթակա տարածքներում: Սակայն պարզ չէ, թե իշխանությունն ինչպես է բաշխվելու Ազգային կոալիցիայի եւ նույն տարածքները մասամբ վերահսկող իսլամիստ արմատականների միջեւ: Սիրիայի հյուսիս-արեւելքում համահավաք ապրող քրդերը կազմում են երկրի բնակչության մոտ 10 տոկոսը: 2011 թ.ՙ սիրիական հակամարտության հենց սկզբնական շրջանում, քրդերը հայտարարեցին, որ իրենք չեն պաշտպանի ո՛չ Բաշար Ասադին, ո՛չ էլ ընդդիմությանը: |