ՎԱԳՆԵՐԻ «ՏՐԻՍՏԱՆ ԵՎ ԻԶՈԼԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇՈՒՄԱՆԻ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Մանֆրեդ»` Արամ Խաչատրյան համերգասրահում Ամփոփելով Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է 2013-2014թթ. համերգաշրջանը նոր շնչով ու ծրագրերով: Դրանցից առաջինը կկայանա նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հայտնի դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, որը ներկայումս հանդիսանում է Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Կհնչեն Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը եւ թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիան, Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի նախանվագը եւ «Իզոլդայի մահը» հատվածը: Երեկոյի թերեւս ամենասպասված իրադարձությունը կլինի Իսրայելը ներկայացնող ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սիգալի «Հոգու երգեր» (ըստ Սայաթ-Նովայի) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ինչպես նշում է ինքը կոմպոզիտորը. «Սայաթ-Նովայի խոսքերով երգաշարը գրել եմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» հայտնի ֆիլմի տպավորության ներքո: Հայ մեծ աշուղի պոեզիան, ըստ իս, անմիջական է, խորը եւ փիլիսոփայական: Երբ մաեստրո Շամբադալին հայտնեցի երգաշարիս մասին, նա անմիջապես առաջարկեց համաշխարհային պրեմիերան իրականացնել Սայաթ-Նովայի հայրենիքում»: Համերգին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի Մագդա Մարիան Մկրտչյանը: Լիոր Շամբադալը իբրեւ գեղարվեստական ղեկավար եւ հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Հարավային Ամերիկայում եւ այլուր: 1997-ից նա Berliner Symphoniker-ի գլխավոր դիրիժորն է: Այդ նվագախմբի հետ հանդես է եկել Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Իտալիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: 2009-10-ին, լինելով Բոգոտայի նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, նա ելույթներ է ունեցել Չինաստանում եւ Իտալիայում: 2008-ից նա Լիեպայայի (Լատվիա) սիմֆոիկ նվագախմբի եւ Chengdu Symphony Orchestra-ի (Չինաստան) գլխավոր հրավիրյալ դիրիժորն է: Լիոր Շամբադալը վարպետության դասընթացներ է վարում բոլոր մայր ցամաքներում: Լ. Շամբադալը ծնվել է Թել Ավիվում, որտեղ եւ սովորել է ալտ, տրոմբոնի կոմպոզիցիա եւ դիրիժորություն: Կատարելագործվել է Զալցբուրգի Mozarteum-ում, ապա Վիեննայում: Նրա դասատուներն էին Հանս Սվարովսկին, Կառլո-Մարիա Ջուլինին, Իգոր Մարկեւիչը, Սերջիու Չելիբիդակեն եւ Ֆրանկո Ֆերերան: Փորձեր է կատարել էլեկտրոնային երաժշտության ասպարեզում` Վիտոլդ Լյուտոսլավսկու եւ Հենրի Դյութիլյեի ղեկավարությամբ: Հեղինակ է նվագախմբային, կամերային եւ վոկալ ստեղծագործությունների: Նրան գործեր են պատվիրել Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլ նվագախմբեր: |