RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013



Երախտիք

Տեղադրվել է` 2013-11-13 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1630, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԻԴԻ ԲԵԼ ԱԲԲԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԻՍ. ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՀՈՒՇԵՐ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», septembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Նախիջեւանի ու Զանգեզուրի գավառները Արցախին եւ Կենտրոնական Ասիային կապող աղի միջնադարյան ճանապարհի վրա գտնվող Գորիսը կծկված է սնկաձեւ ժայռերի ստորոտում: Իր քաղաքում բժիշկ Վիտալի Խուրշուդյանը վերհիշում է Աֆրիկան եւ այն ժամանակները, որոնք անծանոթ են ներկայիս պատանիներին:

Քաղաքն ուներ երկու անունՙ Գորիս եւ Կյորես: Երրորդ անունըՙ Կորիս, տալիս էր միայն մի մարդՙ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա եւ հին գրքերի սիրահար: Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել... Քաղաքն ուներ երկու անուն եւ այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով...

Այսպես է սկսվում նույն քաղաքի սիրեցյալ զավակի, գրող Ակսել Բակունցի (1899-1937) «Կյորես» երգիծական ժամանակագրությունը: Սակայն ո՞ր Գորիսի մասին է խոսքը: Ժայռածերպերին թառած եւ մինչեւ 1960-ականների կեսերը բնակեցված քարանձավային հին քաղաքի՞, թե՞ 19-րդ դարի կեսերին մի քանի կիլոմետր ներքեւ տեղաշարժված նոր Գորիսի: Իր քաղաքաշինական հատակագծով Հայաստանում եզակի այս քաղաքը զուրկ չէ հմայքից, խաղաղ կծկված է մի կանաչ հարթավայրում, սնկաձեւ լեռների արանքում: Քարն այստեղ հարուստ պատմության վկայությունն է: Սակայն մենք մեր հերոսին հանդիպեցինք ոչ թե Ակսել Բակունցի սքանչելի տուն-թանգարանում, այլ ավանդական տներից մեկի պարտեզում, իրանական բեռնատարների վարորդների վտանգալից ճանապարհի մոտ:

Բժիշկ Վիտալի Խուրշուդյանը զբաղված էր իր բանջարանոցի մշակությամբ: Դեռեւս աշխատող 73-ամյա այդ վիրաբույժը սիրում է կրկնել, որ ինքն ուզում է միայն «աշխատել չմեռնելու համար»: Հայաստանի այդ մասում դա շատ սովորական բան է: Եվ այդուհանդերձ... Վիտալին ունի իր պատմությունը, որը չի պատմում առաջին պատահածին: Գորիսի մի տոհմիկ գերդաստանից սերած Վիտալին բժշկություն է ուսանել Երեւանում, ապա 1970-ականների կեսերին մեկնել է Լենինգրադ, որտեղ ստացել է «մարտական մկրտություն»: Նշանավոր ուսուցիչները նկատել են նրա ընդունակությունները եւ առաջարկել են մնալ: Վարանումներից հետո նա համաձայնել է: Ուզում էր արտերկրում մի քանի առաքելություն իրականացնել հայրենիք վերադառնալուց առաջ: Այդպիսով նա եւ իր կինը (նմանապես բժիշկ) 1977-ին դարձել են Չադի հեռավոր գյուղերից մեկի բժշկական կենտրոնի պատասխանատուները: Այնտեղ նրանք միակ սպիտակամորթներն էին: Դա «սառը պատերազմի» պայմաններում ԽՍՀՄ-ի համագործակցության ժամանակաշրջանն էր, երբ Աֆրիկան Մոսկվայի աջակցությունն էր ակնկալում Արեւմուտքի նախնական գաղթարարների ազդեցությունը հակակշռելու համար: Վիտալին քաղաքականությամբ չէր զբաղվում: Նրան խնդրում էին անհնարինն անել հազարումի վարակից եւ մանավանդ մալարիայից վտանգված մարդկային կյանքերը փրկելու համար: «Հարկավոր էր արագ գործել, քանզի կարիքները հսկայական էին», ասում է նա: Վիտալին 15 ամսում կատարեց 4000-ից ավելի վիրահատություն: Ընչազուրկ տեղացիներից շատերը նրան պաշտում էին ինչպես կենդանի աստծո, իսկ ինքը գործի էր դնում իր բոլոր հնարավորությունները: «Միսիոներ քույրերի խնդրանքով ես կատարեցի կեսարյան հատումներ, չնայած գինեկոլոգ չեմ», շարունակում է նա: Չադում իր թերապեւտ տիկնոջ հետ անցկացրած մեկուկես տարվա հիշողություններից մեկը կապված է տեղացի երեւելիներից մեկիՙ Աբդուլ Քարիմի դստեր փրկության հետ: «Գեղեցիկ աղջիկ էր», ասում է նա: Այդ պահից նա արժանանում է իսկական պաշտամունքի: Եվ դա տեղին է. հիվանդներից ոչ մեկը չի մահացել նրա վիրահատությունների ժամանակ:

1981-ին նա վերստին արտերկրում է, այս անգամՙ Ալժիրի արեւմուտքում, Օրանից 80 կմ հեռու գտնվող Սիդի Բել Աբբես քաղաքում: Այդ երկրում ապրելը դեռ հաճելի էր, քանի որ տասնամյա քաղաքացիական արհավիրքները չէին սկսվել: «Այն ժամանակ մեր ղեկավարությունը պահանջում էր չնշել մեր ազգությունը եւ ներկայանալ որպես «խորհրդային բժիշկ»: Չնայած դրան, բոլորն իմացան, որ հայ ենք, եւ ամեն ինչ շատ լավ անցավ», վերհիշում է Խուրշուդյանը:

Այն հարցին, թե իրենք ինչ լեզվով էին հաղորդակցվում տեղացիների հետ, նա պատասխանում էՙ ֆրանսերենով, որին ինքը ժամանակին բավական լավ էր տիրապետում: Ապա վերհիշում է, որ Սիդի Բել Աբբեսն ուներ 450 հազար բնակիչ: Իսկ ես մտածում եմ բժիշկ Խուրշուդյանի վիրահատած ալժիրցիների մասին: Ո՞վ գիտեՙ քանիսն են նրանք եւ հիշո՞ւմ են արդյոք բժշկին: «Ալժիրը շատ գեղեցիկ երկիր է: Մենք այնտեղ լավ ժամանակ անցկացրինք: Շաբաթավերջին գնում էինք ծովում լողալու: Մենք ազատ էինք տեղաշարժվելու հարցում եւ երկիրը դիտեցինք հյուսիսից հարավ», պատմում է նա: Դրանք վերջին լիառատ տարիներին էին: Վիտալին շտապում էր վերադառնալ հայրենիք, որին շատ էր կարոտել: Հետագայում դիմեց նոր առաքելությամբ արտերկիր մեկնելու խնդրանքով: Սակայն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, երկիրը հեղափոխությունների ու ողբերգությունների շրջափուլում էր: Վիտալին վիրաբույժի գործը շարունակեց Գորիսի հիվանդանոցում, որտեղ վիրահատություններ էր անում մոմերի աղոտ լույսի տակ:

Գորիսում նա Ղարաբաղի պատերազմի ականատեսը դարձավ: «Երեւանցի կարծեցյալ մասնագետները եկել էին մեզ աջակցելու, բայց նրանք պիտանի էին միայն տեսականորեն: Իրավիճակն ահավոր էր: Ամեն օր բերում էին միջին հաշվով 70-80 ծանր վիրավորներ, եւ այդ թիվը երբեմն հասնում էր նույնիսկ 130-ի: Սարսափելի բաներ եմ տեսել: Գրեթե ոչինչ չունեինք, բացի մեր դեղորայքի աղքատիկ պաշարից», վերհիշում է բժիշկը: Գորիսում, երբեմն էլ ռազմաճակատում անչափ ծանր պայմաններում վիրահատություններ արած Վիտալին հիմնավոր պատճառներ ունի դրանք չհիշելու համար: Նա, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է եւ սուսերամարտի նախկին չեմպիոն, խորհրդանշում է մեկ ուրիշ Գորիսՙ իր բարձրակարգ մասնագետներով եւ արդյունաբերությամբ փայլող քաղաք, Խորհրդային Հայաստանի զարդերից մեկը: Այժմ քաղաքը կորցրել է իր զավակներից շատերին, որոնք մեկնել են պատշաճ կենսապայմաններ որոնելու: Բժիշկ Վիտալին մնացել է իր սարերի հետ: Ոմանք հանձին նրա թերեւս տեսնեն «վերջին մոհիկանի»: Նա, որ նախասահմանված չէր «կանաչ ձեռքեր» ունենալու, այժմ իր ուժերն օրնիբուն ներդնում է իր պարտեզում: Նրա լայն բացված աչքերում հարատեւում է այն հույսը, որ մի պատվախնդիր երիտասարդ կգա շարունակելու իր գործը:

Նկար 1. Բժիշկ Վիտալի Խուրշուդյանը Չադում իր առաքելության ժամանակ

Նկար 2. Ղարաբաղի պատերազմի ժամանակ Խուրշուդյանը վիրահատում էր վատթարագույն պայմաններում

Նկար 3. Վիտալի Խուրշուդյան

Նկար 4. Գորիս

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ