ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մոտալուտ ձմեռը դարձյալ օրակարգի հարց է դարձնում գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման եւ դրանց ծախսերի կտրուկ ավելանալու թեման: Դրան էլ ավելացրած, որ այս տարի շատ ավելի ենք վճարելու թանկացած գազի եւ հոսանքի սպառման համար: Տեսանելի ապագայում Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով եւ փոքր-ինչ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող բնակիչները սարսափով են սպասելու հերթական ձմռան գալուն: Ցանկացած պարագայում, գազը որպես սպառվող ռեսուրս շարունակելու է թանկանալ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Վերոնշյալ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը հնարավորինս նվազեցնելն է կախումը ներկրվող էներգակիրներից, էներգետիկայի այլ ուղղությունները` ատոմային, հիդրո եւ այլընտրանքային, զարգացնելը, ինչպես նաեւ էներգախնայողության ծրագրեր իրականացնելը: Ու մինչ կզարգանան այլ ուղղությունները, էներգախնայողության իրականացումը հարկ է առաջնահերթ եւ պետական ամենաբարձր մակարդակով կյանքի կոչել: Ինչո՞ւ կյանքի կոչել, քանի որ նման ծրագիր Հայաստանի կառավարությունն արդեն մշակել եւ հաստատել է, մնում է միայն իրագործելը: Այն կոչվում է «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր», որին նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրն ընդունվել է դեռես 2007-ին, իսկ կյանքի կոչելու գործողությունների ծրագիրը միայն 3 տարի հետո` 2010-ին: Այս ծրագրում նշվում է, որ Հայաստանը էներգետիկ առումով միայն 35 տոկոսով կարող է հենվել սեփական ռեսուրսների վրա` հիդրոկայաններ եւ ատոմակայան, եւ որ մեր երկիրը մեծապես կարող է խնայել էներգիա: Ընդ որում, նշվում է ահռելի գումար` 132 մլրդ դրամ, որ Հայաստանը կարող է խնայել միայն էներգախնայողությամբ: Այդ ցուցանիշն է ստացվել Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրությամբ, որը 5 տարի առաջ համարժեք է եղել ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: «Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն մ3 բնական գազ», նշված է կառավարության ծրագրում: Ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել է խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում: Բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: Սա թերեւս էներգախնայողության առավել տպավորիչ արդյունքը կարող է լինել, մինչդեռ, Հայաստանի կառավարությունը, հաստատելով այս ծրագիրը, նկատելի ոչինչ չի անում իրագործելու ուղղությամբ: Այս օրերին Երեւանի քաղաքապետարանը, որպես ձմռան նախապատրաստման աշխատանքներ, նորոգում է շենքերի տանիքները, մուտքերն ու մուտքերի պատուհանները, բայց հասկանալի է, որ դա ընդամենը կոսմետիկ քայլ է եւ էներգախնայողության համալիր ծրագրի հավակնելու ոչ մի հնարավորություն չունի: Համալիր եւ տարողունակ միջոցառումները, որ նախատեսված են «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում», շարունակում են մնալ թղթի վրա: Համաշխարհային բանկի մեկ այլ կառույց` Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 3 տարի առաջ սկսել էր իրագործել մեկ այլ ծրագիր, որը կոչված էր բարձրացնելու Հայաստանի տնտեսության էներգաարդյունավետությունը: ՄՖԿ ուսումնասիրության համաձայն, Հայաստանի արդյունաբերությունը կարող է խնայել իր էներգետիկ ծախսերի մինչեւ 14,5 տոկոսը: Մոտ 100 ընկերություններ մտադրություն են ունեցել կատարել 35 մլն դոլար ներդրում էներգաարդյունավետ ծրագրերում: Թե կոնկրետ որքա՞ն է ներդրում կատարվել արդեն մասնավորի կողմից, կփորձենք տեղեկանալ առաջիկայում: Սակայն այսօր էլ ակնհայտ է, որ ոչ միայն իշխանությունները, այլեւ մասնավոր հատվածը կա՛մ մեծ կարեւորություն չի տալիս էներգախնայողությանը, կա՛մ չի կարողանում լուրջ ներդրումներ կատարել այս ոլորտում, կա՛մ չի գտնում այն կազմակերպություններին, որոնք էներգախնայողության, էներգաարդյունավետ օգտագործման, ջերմամեկուսացման ծառայություններ են իրականացնում: Այսպես թե այնպես, էներգետիկ առումով մեր երկիրը շարունակում է արտերկրից եւ սպառվող ռեսուրս համարվող էներգակիրներից կախված մնալ: Չնայած անընդհատ խոսում ենք այդ կախումը վերացնելու մասին, բայց էական փոփոխություններ չեն արձանագրվում: Որոշակիորեն ավելացել են փոքր հիդրոէլեկտրակայանները եւ նրանց արտադրած էներգիան, բայց առավել հրատապ եւ անմիջական արդյունք տվող էներգախնայողության մասին, ինչպես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, այնպես էլ ընդհանրապես կառավարությունում, բոլորովին մոռացել են: |