ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԻՐ ՀԵՏ «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՆ Սեպտեմբերի 21-ինՙ Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու եւ իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր. «Չես կարա պահանջես... Հեսա կդաստիրակեմ, կիմանաս»: Երեկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումը: Ու թեեւ ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալՙ հայտնելով պաշտոնը, կոչումը...», ոստիկանության ղեկավարությունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի: Բացի դրանիցՙ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին: Այսպիսով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք քաղաքացու հետ հարկավո՞ր է ուղիղ եւ փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը), եւ արդյոք քաղաքացին հնարավորություն ունի՞ իր այդ իրավունքը պաշտանելու, թե՞ ոչ: |