RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 880, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՆՄՈՌԱՑ ԵՐԵԿՈ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Շիրակի մարզպետարանի հրավերով օրերս Գյումրիում էր լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումջյանը:

Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի դահլիճում նրան եկել էին ունկնդրելու մանկավարժներ, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Դահլիճն անծանոթ էր Հակոբ Գույումջյան անվանը. սակայն ներկաներն անհամբերությամբ սպասում էին նրան, քանի որ, փակագծով ասեմ, գյումրեցիները սիրում են թատրոն, սիրում են ասմունք, ունեն իրենց նախընտրած արտիստները եւ մեկ անգամ էլ հանդիպում թեկուզ անծանոթ արտիստի, ստեղծել էր հաճելի անակնկալ վայելելու սպասումը:

Հակոբ Գույումջյան: Մեզ համար անհայտ անձ, իր գործունեությամբ, իր կենսագրությամբ եւ իր մշակույթով:

Սակայն պարզվեց, որ պրն. Գույումջյանը լավ է տիրապետում անծանոթ դահլիճի հետ «աշխատելու» դժվար, բայց հաճելի արվեստին:

- Ես իմ անուշ Հայաստանի...

Չարենցյան ծանոթ տողերը հոսում էին այնպես մտերիմ եւ հարազատ, այնպես յուրօրինակ, այնպես հոգեպարար...

Գույումջյանին հաջողվեց առաջին իսկ բանաստեղծությամբ դահլիճը դարձնել «իրենը»:

Անմիջապես ստեղծվեց այն ցանկալի կապը, որ անհրաժեշտ է լինում միշտՙ բեմի եւ դահլիճի միջեւ:

Երբ մի փոքր էլ «տաքացավ» արտիստը, գործեց նաեւ նույնացումը: Դահլիճում արտիստի հետ մրմնջում էին ծանոթ, սիրելի հեղինակների գործերը:

Իսկ արտիստը «թեթեւորեն» եւ չպարտադրելով հնչեցնում էր մեր ազգային պոեզիայի ընտրանինՙ բացառիկ բեմական խոսքով, մաքուր շնչով, մտերմիկ, ասես հենց նույն պահին էին ծնվում դրանք. ինքը Արտիստն էր... արարում: Վաղուց չէինք առնչվել այսքան գեղեցիկ, առինքնող, ականջ շոյող, ներքինը փոթորկող ասմունքի... ասմունքող, որ պարզապես «եկավ, տեսավ եւ հաղթեց»: Եվ հաղթեց նա դժվարահաճ գյումրեցի հանդիսականին:

Հայոց ոսկեղենիկ լեզուն նոր կյանք ու հնչեղություն էր ստացել նրա կատարումովՙ իր հմայքով, այն էներգիայով, որ ճառագում, հասնում էր յուրաքանչյուր ունկնդրի: Դահլիճի ոգեւորությունը ապացույցն էր ճշմարիտ արվեստի հետ առնչվելուն:

Առաջին անգամ էր Հակոբ Գույումջյանը Գյումրիում, բայց վստահ ենք, որ այն կերկրորդվի, քանզի այդ էին վկայում այն ծափերը եւ արտիստի խոնարհումը, որը ե՛ւ խնդրանք էր, ե՛ւ... պահանջ միեւնույն ժամանակ:

Անմոռաց էր երեկոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ