«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ. ԳԾԱՆԿԱՐ, ՔԱՆԴԱԿ» Մ. Հ. Նոյեմբերի 15-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա «Հարություն Չալիկյան. գծանկար, քանդակ» գրքի շնորհանդեսը, միաժամանակ կցուցադրվեն նրա` հայտնի քաղաքական գործիչների, արվեստագետների, սպորտսմենների ծաղրանկարներից: Հարություն Չալիկյանը Հայաստանի ճարտարապետների միության, նկարիչների միության, դիզայներների միության եւ ծաղրանկարիչների միության անդամ է: Իսկ անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Մոսկվայում, Նյու Յորքում, Բեյրութում, Քեմբրիջում, Փարիզում, Երեւանում եւ այլուր: Ծաղրանկարիչների միջազգային մրցույթի դափնեկիր է, «Արծաթե պնակի» մրցանակակիր: ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը նրա մասին գրել է. «Հարություն Չալիկյանն անկասկած ունի իր պատվավոր տեղը մեր կերպարվեստում` գլխավորապես որպես դիմանկարիչ եւ երգիծանկարիչ: Հարությունը գրում է նաեւ բանաստեղծություններ` հաճախ տպավորիչ եւ սրամիտ, ինչպես իր նկարները: Չմոռանանք նաեւ, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է: Մեկ բառով ասած` նա տաղանդավոր արվեստագետ է, ով պատիվ է բերում իր ազգին եւ արժանի է բարձր գնահատանքի»: |