National Geographic Traveler-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ National Geographic Travaler ամսագրի խմբագրակազմը նորովի է բացահայտել Հայաստանն ու հայերին: Ծրագրվում է կազմակերպել երկրորդ այցը Հայաստան` ընդգրկելով նաեւ Արցախը: Այդ մասին նոյեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանըՙ խոսելով National Geographic Traveler ամսագրի ռուսական հրատարակության կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղություն» մրցույթի «Տարվա հայտնություն» անվանակարգում Հայաստանին հաղթող ճանաչվելու մասին: Նա կարեւորեց այդ ամսագրի` Հայաստան այցելած խմբագիրների շփումը մեր ժողովրդի հետ: «Իրենց համար շատ ավելի կարեւոր էր տեսնել մեզ, մեր ավանդույթները, մարդկանց հետ հարաբերվելու մշակույթը, մեր հյուրընկալությունը, քան հուշարձանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբՙ նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը: Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին հիմնադրամի հրավերով Հայաստանում էր National Geographic Traveler-ի խմբագրական անձնակազմը: «Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր երկիրը, մեր մշակույթը, մեր ավանդույթներն ու պատմությունը, զբոսավայրերը, եւ բազմապիսի ու բազմաբովանդակ հրապարակումներ եղան, ինչպես National Geographic Traveler-ի վեբ-կայքում, այնպես էլ տպագիր տարբերակներում»,- նշեց Խաչատուրյանը: National Geographic Traveler ամսագրի ռուսական հրատարակության կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղություն» մրցույթի առցանց քվեարկությանը մասնակցել է 65 հազար մարդ ամբողջ աշխարհից: Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ National Geographic Traveler-ն աշխարհի հնագույն ամսագրերից է, որն անդրադառնում է տարբեր երկրների մշակույթին, պատմությանն ու աշխարհագրությանը: Ամսագրի լսարանը 60 միլիոն մարդ է, հրապարակվում է 36 լեզուներովՙ ամսական 8,6 միլիոն օրինակով: Խաչատուրյանը կարեւորեց տարեսկզբին Լոս Անջելեսի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի լավագույնը ճանաչվելը: Նա հիշեցրեց նաեւ, որ ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպության հովանու ներքո անցկացվող զբոսաշրջային պաստառների մրցույթում 44 երկրների մեջ Հայաստանը ճանաչվել է հաղթող «Եվրոպա» անվանակարգում: Հիմնադրամի տնօրենը կարեւորեց ավիացիայի ազատականացման դերը զբոսաշրջային հոսքերի ավելացման առումով: Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: ՀՀ տարածքում անհաշիվ են պատմամշակութային կոթողներն ու բազմազան բնապատկերները: Կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակել: 2012թ.-ին Հայաստան է այցելել 840 հազարից ավելի զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2011-ին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հիմնվել է 2008 թ.` ՀՀ կառավարության եւ հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամի առաքելությունն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով բարձրացնել ազգային մրցունակությունը: Հիմնադրամի թիրախում են կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտները: |