RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1194, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Մեր հատուկ թղթակից, Բրյուսել

Հայաստանը երբեք չի գտնվել եւ մինչ օրս էլ չի գտնվում կայուն եւ տնտեսապես զարգացած երկրների ցանկում, ինչը կհրապուրեր եվրոպական երկրներին ներդրումներ անել Հայաստանում: Բայց բելգիական գործարար շրջանակներն արդեն մի քանի տարի առանձնակի հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի ուղղությամբ. ինչը պայմանավորված է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, այլ պարզապես սփյուռքահայերի գործուն նախաձեռնությամբ:

Բելգիական գործարար շրջանակներն անհամբերությամբ էին սպասում Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը, բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասումՙ «աղը շուտ հասավ, քան մատաղը»: Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը: Թե որքանով իրական կլինեն նախատեսված ծրագրերի գործընթացը եւ ինչ ուղղություն կստանան, ժամանակը ցույց կտա: Այս խնդիրների պատասխանը ստանալու համար «Ազգը» Բրյուսելում հանդիպեց Բելգիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանին :

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բելգիական կապիտալով գործում են 30 կազմակերպություններ: Միայն 2012-ին Բելգիա-Հայաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 200 մլն. դոլար:

«Ցավով եմ ընդունում Հայաստանի հրաժարումը Ասոցիացման համաձայնագրից, հետաքրքրական է, ինչ կտա Մաքսային միությունը Հայաստանին», ընդգծեց Բելգիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը: Ըստ հայ գործարարի, «որքանով է ճիշտ լինել մի միության մեջ, ուր կան երկրներ, որոնք միեւնույն միջազգային կոնվենցիայից դուրս են: Հայաստանը եթե ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցիացման համաձայնագիրը, ապա Բելգիան Հայաստանին կդիտեր որպես տնտեսապես համագործակից երկրի: Ցավոք, Հայաստանը նախընտրեց Մաքսային միություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը Բելգիայի համար դառնում է պարզապես արտահանման տարածք: Այս հանգամանքներում անորոշ է համագործակցությունը, քանի որ կա անհամապատասխանելիություն, ինչը թերեւս եվոպական գործարարներին հնարավորություն է տալիս Հայաստանով անցում կատարել հարեւան երկրներ»:

Փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեր հայրենակիցը դեռեւս լավատես է. քանի որ, ըստ նրա, Հայաստանը բաց երկիր է, որեւէ նախարարի հետ հանդիպելը դժվար չէ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին:

Պաշտոնական տվյալներով 30 հազար հայեր են ապրում Բելգիայում, որը հայ-բելգիական հարաբերությունները զարգացնելու կարեւոր հիմք է: Եթե մինչ օրս բելգիացի գործարարներն էին հետաքրքրված Հայաստանով, ապա այսուհետեւ Բելգիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ առաջին անգամ նախատեսվում է հայ գործարարներին ներկայացնել Բելգիայում,

Արդեն 10 տարուց ի վեր Բելգիայից Հայաստան պաշտոնական որեւէ այց չի եղել, ըստ Վ. Սաֆարյանիՙ առաջիկայում նախատեսվում է Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռանդեյի այցի նախապատրաստումը Հայաստան: Կկազմակերպվեն բելգիական օրեր Հայաստանում: Բելգիահայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրչյանի, հայտնի դերասանուհի Բարբարա Սարաֆյանի եւ ծագումով հայ նշանավոր այլ անձանց միջոցով ներկայումս աշխատանքներ են տարվումՙ Հայաստանը ճանաչել տալ նաեւ բելգիական լայն խավերին:

Զրույցի ընթացքում մեր հայրենակիցը հաճախ էր ափսոսանքով անրադառնում ԵՄ համաձայնագրի ձախողմանը, ըստ նրաՙ «եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա եվրոպական ներդրողները մեծ վստահություն կունենային, բայց չեմ կարծում, որ սա կխանգարի հայ-բելգիական համագործակցությանը, նաեւ չեմ կարծում, որ եթե ստորագրվեր ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա անմիջապես խոշոր ներդրումներ կլինեին Հայաստանում: ԵՄ համաձայնագրի ստորագրումն այնքանով էր կարեւոր, որ մոնոպոլ վտանգը կվերացվեր Հայաստանում: Ռուսաստանը եւս ծայրահեղ մրցակից չի կարող լինել: Անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ, ինչը կօգնի Հայաստանին իջեցնել գները, ընդգծեց հայ գործարարը, լավատեսորեն հավելելով, որ, այսուհետեւ եւս կարվի հնարավորըՙ զարգացնելու Եվրոպա-Հայաստան հարաբերությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ