ՄԵԿ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է 320-350 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Գ. Մ. Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական «Բարեգործական ջոկատը» մոտ երկու ամիս առաջ նախաձեռնել էր «Մեկ բացիկ=մեկ բնակարան» ծրագիրը, որի էությունը հետեւյալն էր: 1988 դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի 25-ամյակի շեմին տպագրվում էր 15.000 խորհրդանշական բացիկ, որոնցից յուրաքանչյուրը քաղաքացիների ու կազմակերպությունների շրջանում 400 դրամով վաճառելով, պետք է հավաքվեր 6 մլն դրամ, այդ գումարով մինչեւ դեկտեմբերի 7-ը գնվեր մեկ բնակարան ու նվիրվեր քաղաքի երկրաշարժից անօթեւան բազմանդամ ընտանիքներից մեկին: Յուրաքանչյուր ոք, գնելով մեկ բացիկ, օգնում էր մեկ անօթեւան ընտանիքի բնակարանով ապահովելուն: Անհրաժեշտ գումարը մինչեւ նախանշված օրը չհավաքվելու պատճառով ձեռնարկի հեղինակները դրա գործողության ժամկետը մեկ շաբաթով երկարացրել են: Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, այդ ժամանակամիջոցում բացիկների վաճառքից հավաքվել է մոտ 4 մլն 480 հազար դրամ, իսկ գոնե երկսենյականոց մեկ բնակարան գնելու համար, հաշվի առնելով Գյումրիում գործող շուկայական գները, հարկավոր է եւս 320-350 հազար դրամ: Ի դեպ, բացիկների իրացումը չի սահմանափակվել միայն Գյումրիով: Մեկ ամսվա ընթացքում դրանք վաճառվել են ինչպես այստեղ, այնպես էլ հանրապետության մարզերում ու մայրաքաղաք Երեւանում: Հատկապես այս վերջինի հարցում երիտասարդների հույսերը չեն արդարացել. չնայած մայրաքաղաքային տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին ու աջակցման տրված խոստումներին, այդ բուհեր ուղարկված 2600 բացիկներից վաճառվել է մոտ 600-ը, մնացածը հետ է վերադարձվել: Ձեռնարկի հեղինակները դրանում դիտավորություն չեն տեսնում, այլ կարծում են, որ մայրաքաղաքացիները, հեռու լինելով Գյումրիում առկա պատկերից, չգիտենՙ ինչ բան է 25 տարի տնակում ապրելը: Գյումրիում մոտ 13.000 բացիկից չի իրացվել 1000-ը: Իսկ ընդհանուր առմամբ մոտ 10.000 մարդ է մասնակցել ձեռնարկին, գնել բացիկներ: Որոշակի թվով բացիկներ վաճառվել են Շիրակի մարզպետարանում, Գյումրու քաղաքապետարանում, մանկավարժական ինստիտուտում: Մնացած բացիկների իրացման եւ անհրաժեշտ գումարի հավաքման խնդիրը երիտասարդները հույս ունեն լուծել այս մեկ շաբաթվա ընթացքում: |