ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ... ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անգլիացիներն ասում են, որ չկա տարվա վատ եղանակ, կա վատ հագուստ: Հետեւաբար, օրինակ, Հայաստանում, այս օրերին, երբ ջերմաստիճանն իջավ զրոյից ներքեւ, ոչ թե վատ եղանակ է, այլ մարդիկ վատ հագուստ են կրում, քանի որ մրսում են: Բայց անգլիացիների ոչ բոլոր ասածներին է պետք անվերապահորեն համաձայնել, օրինակ, նույն անգլիացիները, Լորդերի պալատում, դեմ են, որ իրենց աշխատավարձը տասնմեկ տոկոսով բարձրանա: Հայաստանում, օրինակ, ԱԺ-ում երկրորդ ընթերցումն անցավ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու օրինագիծը. լավ է, ոչ միշտ ենք անգլիացիներին լսում եւ նրանց նման: Օրինակՙ Անգլիայում, երբ նույն Լորդերի պալատում քննարկվում է մի օրինագիծ, որը ներկայացրել է կառավարությունը` դիտարկելով որպես առաջնահերթ, որեւէ լորդ չի լքում նիստերի դահլիճը, մասնակցում է քննարկումներին: Մեր երկրում բազմաթիվ պատգամավորներ չեն գալիս կարեւոր օրինագծեր քննարկելու օրերին, իսկ նրանցից շատերը, ովքեր գալիս են, դուրս են գնում նիստերի դահլիճից: Այս առումով պատգամավորներին չես կարող մեղադրել, քանի որ ոչ ոք մեղադրելի չէ այն բանում, որ ինքը ներկա չի գտնվել մի տեղ, որտեղ հետաքրքրական չէ: Հետեւաբար մեր շատ պատգամավորների համար օրենսդիրի իրենց աշխատանքը առհասարակ հետաքրքրական չէ, իսկ ավելի շատերին չի հետաքրքրում, թե, օրինակ, ինչի՞ մասին է խոսում սոցապ նախարարը ԱԺ-ի ամբիոնից: Պետք է նկատենք, որ սոցապ նախարարի խոսքերը ըստ էության չեն կարեւորվում նաեւ սովորական քաղաքացի Վաղինակի համար, որն ի ծնե հաշմանդամ է եւ կառավարության առաջարկած նոր օրինագծով մի քանի հազար դրամ ամսական ավելի պետք է նպաստ ստանա: Բայց երբ սոցապ նախարարը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է. «Ցանկացած համակարգ, որպեսզի լավ աշխատի, պետք է լինեն հստակ տրամաբանական կառուցակարգային օրենքներ», քաղաքացի Վաղինակը ոչինչ չի հասկանում. հիմա ինքը պետք է ուրախանա՞, թե՞ ոչ, իսկ երբ չի հասկանում, ուրեմն` չի կարեւորում: Կամ երբ պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողներին ասում է. «Արա դուք գի՞ժ եք, արա, որ փողոցում մի հատ եզդի էտ հարցը տար, կհասկանայի, բայց դուք իսկականի՞ց չեք հասկանում...», ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի Խդոն չի հասկանում, հիմա ԱԺ-ի պատգամավորն իրեն վիրավորե՞ց, թե՞ ոչ: Կամ լրագրողներս չենք հասկանում, հիմա գի՞ժ ենք, որ լրագրող ենք, ու հենց Հայաստանում ենք լրագրող: Երեւի: Համենայն դեպս, եթե մեր խորհրդարանում հավաքվել են, ինչպես Մանվել Բադեյանն է սիրում արտահայտվել` «վիսոկո ինտելեկտուալներ», եւ քանի որ հիշյալ անձանց մեծամասնությունը դժգոհ է մեր աշխատանքից, ուրեմն մենք գիժ ենք, երեւի: Գիժ ենք, որովհետեւ չենք տեսնում Հայաստանում տնտեսական աճ: Գիժ ենք, որովհետեւ Հայաստանի մայրաքաղաք ենք համարում Երեւանը, ոչ թե Գյումրին, գիժ ենք, քանի որ մեզ գիժ է անվանում ՀՀ ԱԺ պատգամավորը, գիժ ենք, քանի որ նրան չենք պատասխանում... Եզդիները պատասխանել են: Մի խումբ եզդիներ հավաքվել էին երեկ ԱԺ-ի դիմաց ու պատգամավոր Մանվել Բադեյանի համար բերել էին նվերներ: Չենք ասի, թե ինչ, ամոթ է: Իսկ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը Հայաստանում հեռարձակվում է ռուսերեն, եւ մենք չգիտենքՙ սա եւս ամո՞թ է... Անգլիացիները նաեւ ասում են` «Սատանան մանրուքների մեջ է», եւ սա այն դեպքն է, որ մենք պետք է համաձայնենք անգլիացիների հետ: |