RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Խորհրդածություններ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1531, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հայ-ադրբեջանական ճշմարտության մի հատվածի մասին գիրք գրեց, ես անկեղծորեն տխրեցի: Ոչ թե այն պատճառով, որ Այլիսլիին հեռացրին Գրողների միությունից, որը նա, սակայն, լքել էր տարիներ առաջ եւ իր ցանկությամբ, ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի գրողը զրկվեց պետական մրցանակից, որ նրա գրքերը այրեցին Բաքվում, որ նա դարձավ ազգի դավաճանի պես մի բան, Ռամիլ Սաֆարովի պես «հերոս» ունեցող ազգի խայտառակություն, այլ որովհետեւ Այլիսլին ադրբեջանցի է, ոչ թե հայ: Այո, Հայաստանում մենք չունեցանք հայ-ադրբեջանական ճշմարտության թեկուզ մեկ կտորի մասին պատմող գրող, Ադրբեջանում ունեցան, այլ հարց է, թե ինչպես դիմավորեցին նրան, կամ ինչպես մենք կդիմավորեինք, եթե ունենայինք մեր` ճշմարտության մասին պատմողին: Բանն այն է, որ պատերազմում լավ կողմ չկա, այնտեղ բարիներ ու չարեր գոյություն չունեն, այնտեղ արդարություն չկա, հետեւաբար, եթե պատերազմի մասին գրում ես եւ գրում ես չարի ու բարու հակամարտության մասին, ուրեմն դու ճշմարտությունը չէ, որ ասում ես. պատերազմում երկու մեղավոր կողմ կա` նա, ով հարձակվել է զենքով, եւ նա ով պաշտպանվում է` զենքով:

Ցեղասպանությունն, իհարկե, այդպես չէ, կոնկրետՙ մեր Ցեղասպանության մասին, սակայն մենք եւս ունենք ճշմարտության կարիք, որն, իհարկե, ոչ թե պետք է հերքի անհերքելին, այլ պետք է ամբողջական դարձնի այն: Ամբողջական եւ հասկանալի: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից երկու տարի առաջ այն այսօր ամբողջական ու հասկանալի չէ կամ հասկանալի չէ, որովհետեւ ամբողջական չէ: Հետեւաբար մեր ակնկալիքներն էլ աշխարհից ու Թուրքիայից եւս ամբողջական ու հասկանալի չեն աշխարհին: «Արդարությունը» որքան էլ բարձր գաղափար լինի, անկատար է ազգային պահանջ լինելու համար, այնինչ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ, երբ ապրիլի 24-ին ռեպորտաժներ են պատրաստում, եթե պատրաստում են, ապա եզրափակում են տողերով` «հայ ժողովուրդը սպասում է արդարության»: Միա՞յն, կամ ո՞րն է այդ արդարությունը, որ աշխարհը ճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, հետո ի՞նչ, որ Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը, հետո՞, ո՞ր թվականից ո՞ր թվականն իրականացված ցեղասպանությունը, քանի՞ մարդկային զոհ տված Ցեղասպանությունը, որքա՞ն ընդհանուր, գոնե մոտավոր` ընդհանուր նյութական վնաս տված Հայոց ցեղասպանությունը, ո՞ւր են այդ փաստաթղթերը, եթե դրանք կան, եթե չկան, ինչո՞ւ չկան, եթե կան, ինչո՞ւ չեն օգտագործվում, եթե օգտագործվում են, ինչո՞ւ արդյունավետ չեն:

Ոչ ոք չի հերքում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը պահանջում է նախ պետական մոտեցում հարցին, ապա եւ գաղտնիություն: Պետական մոտեցում կարծես թե կա, մասնավորաբար նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ այսօր գործում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պետական միջոցառումները համակարգող» պետական հանձնաժողով` Սփյուռքի կազմակերպությունների ու գործիչների ներգրավմամբ նաեւ: Դատելով այն հանգամանքից, որ հիշյալ հանձնաժողովի գործունեությունից մենք քիչ բան գիտենք, եթե իմանում ենք առհասարակ, ուրեմն այս հանձնաժողովն իր գործունեությամբ ապահովվում է նաեւ ընդհանուր գործընթացի երկրորդ կարեւոր բաղադրիչը` գաղտնիությունը: Եթե, իհարկե, մենք չենք խառնում գործունեության գաղտնիությունը անգործության հետ: Բայց ի՞նչ պետք է լինի 2015-ին կամ դրան ընդառաջ: Ի՞նչ պետք է լինի, որից Թուրքիան, ինչպես հիմա են ասում, սարսափում է: Այնքան, որ պատրաստ է Հայաստանի հետ բացել սահմանը, «դրանով իսկ արգելափակել Ցեղասպանության միջազգային ճանաչումը», նախքան 2015-ը եւ «Հայաստանի կողմից թեկուզ միայն մեկ շրջան Ադրբեջանին հանձնելուց հետո»: Այսպես խոսում են Հայաստանում: Ընդ որում, անգամ այն բանից հետո, երբ այսպես «խոսող» Ահմեդ Դավութօղլուն ինքն իր բերանով հերքում է, թե նման բան է ասել, երբ Հայաստանում ոչ ոք նման բան չի ասում, միեւնույն է, Հայաստանում խոսում են, որ «առնվազն մեկ շրջան հանձնելու ենք հայ-թուրքական սահմանը բացելու համար», որտեղի՞ց գիտենք, գուցե ճշմարտության մասին տեղեկությունների պակասի՞ց: Ինչեւէ, ասենք, հայ-թուրքական սահմանը 2015-ին էլ փակ է մնում, ի՞նչ ենք մենք անելու այդ պարագայում, ունե՞նք արդյոք մարտավարություն: Եթե ունենք, բայց չենք հրապարակայնացնում, լավ է, բայց մարտավարություն ունենալու պարագայում, համաձայնեք, ունեցող կողմը պարբերաբար ակնարկում է այդ մասին, մինչդեռ Հայաստանում տպավորություն կա, որ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու 2015-ին, ոմանք ասում են` Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին, ոմանք ասում են` չի նկարահանի, բայց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսակցությունները դուրս չեն գալիս ֆիլմի, թեկուզ Սփիլբերգի ֆիլմի, շրջանակներից: Առավելագույնը դրանք հասնում են այնտեղ, թե Սփիլբերգի ֆիլմից ազդված մի շարք երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ Ցեղասպանությունը դատապարտող օրենքներ կընդունեն: Բայց եկեք ընդունենք, որ այն երկրները, որ պետք է ճանաչեին Ցեղասպանությունը, արդեն արել են: ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, երբեք էլ չեն ճանաչելու Ցեղասպանությունը, եւ չպետք է անգամ կենտրոնանալ այս ուղղություններով: Մեր խնդիրն, ուրեմն, ոչ թե պետք է լինի 2015-ին ընդառաջ այս երկրներին «ճանաչել տալ» Ցեղասպանությունը, այլ աշխատել Թուրքիայի հետ, Թուրքիայի ներսում, այնտեղ գործող առողջ եւ ոչ քիչ ուժերի, շրջանակների հետ: Անգամ Դավութօղլուն արդեն ընդունում է, որ «եղել է բռնի տեղահանություն, ինչը անմարդկային է», իսկ տեղահանությունը, եթե բռնի է, ուրեմն պարտադիր զուգակցվել է սպանություններով, իսկ սպանութունների հետ զուգակցված տեղահանությունը արդեն կոչվում է Ցեղասպանություն, որն, այո, անմարդկային է:

Մեր խնդիրը Թուրքիայի հետ է, մեր անելիքը` Թուրքիայում, մեր գործընկերները եւս հարեւան երկրում են: Իսկ կճանաչի, թե չի ճանաչի, ասենք, Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը, դա Իսրայելի բարոյական հարցն է եւ ոչ մի պարագայում մեզ չպետք է անհանգստացնի: Ասենք, եթե մենք ունենանք մի իրավիճակ, երբ Թուրքիան ընդունած, դատապարտած եւ հատուցած կլինի Հայոց ցեղասպանությունն ու դրա համար, սակայն Մեծ Բրիտանիան, օրինակ, ամենեւին էլ ճանաչած չի լինի Ցեղասպանությունը, դա մեզ համար, հասկանալի է, իրադրություն չի փոխում, այն փոխվում է մեզ համար, եթե Մեծ Բրիտանիան ճանաչի, իսկ Թուրքիան շարունակի իր հերքողականությունը:

Հետեւաբար, մեր աշխատանքը` 2015-ին ընդառաջ, մեկ թիրախ ունի` Թուրքիան: Ուրեմն եթե անգամ 2015-ին կամ մինչ այդ հայ-թուրքական սահմանը բացվում է, ինչո՞ւ է թվում, որ դրանից հետո Հայաստանը պետք է կասեցնի իր այս աշխատանքները: Ո՞վ ասաց, որ դրանք ավելի դյուրին չի լինի առաջ տանել, արդեն նաեւ` մարդկային հասարակ շփումներով, բաց սահմանի պարագայում, ինչո՞ւ ենք մենք սարսափում հայ-թուրքական բաց սահմանից, այնպես, ինչպես Անկարան է սարսափում Ցեղասպանության փաստն ընդունելուց:

Այնինչ հայ-թուրքական բաց սահմանը ամենեւին էլ խոչընդոտ չէ Ցեղասպանության ճանաչման գործընթացին, պարզապես պետք է օգտվել հայ-թուրքական բաց սահմանից էլ, հայ-թուրքական փակ սահմանից էլ: Մենք առաջինից վախենում ենք, երկրորդից օգտվել չսովորեցինք:

Իսկ նախքան դա պետք է ճշմարտության մասին խոսել` այն ամբողջականացնելով, որպեսզի հասկանալի դառնա, թե չէ նմանվում ենք մի փոքրիկի, ով խանութում կանգնած չի կարողանում պատասխանել վաճառողուհու հարցին` ի՞նչ ես կամենում: Աքրամ Այլիսլին գիտի, թե ինչ է կամենում, ադրբեջանցիները, թուրք ժողովուրդը եւ հայ ժողովուրդը` դեռ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ