«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ Մ. Բ. Ամիսներ առաջ, քաղաքապետի ընտրություններից քիչ առաջ Երեւանում բացվեց արդի հայ գեղանկարչության վարպետ Էդվարդ Իսաբեկյանի պատկերասրահը, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում. երկար տարիներ սպասված իրադարձություն, որին սպասում էին շատերը, մանավանդ որ նկարչի որդինՙ Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը Վարպետի 28 նկարՙ պատկերասրահին նվիրելու մասին արդեն հայտնել էր, ինչպես նաեւ հոգ տարել սրահի հիմնական բարենորոգման աշխատանքները իրականացնելու: Չնայած հիշյալ կառույցի տարածքային ճարտարապետորեն ոչ օպտիմալ օգտագործմանը, ինչպես նաեւ ինտերիերի առավել անհասկանալի լուծումներին եւ ոչ այնքան գրավիչ լինելուն, քաղաքում մշակույթի, արվեստի նոր օջախի հայտնվելու փաստն ինքնին կարեւոր է, իրադարձություն ներկա մեր օրերում: Բացման օրը հանրության առջեւ քաղաքապետարանի պաշտոնյա անձանց հուսադրող խոսքերը խոստումնալից էին, մանավանդ որ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքապետըՙ նույնպես: Բայց ահա եկավ ձմեռը, եւ մեր քաղաքի ու մեր հոգսերը շատացան: Ֆեյսբուքյան ամենաառատ, երբեմն, իսկ հաճախ նաեւ անհավանական տեղեկություններից կասկած չեն հարուցում թերեւս միայն փաստացի լուսանկարները: (Որովհետեւ այդ էջերում նույնիսկ մարդկանց մահերը կարող են շինծու լինել): Ահավասիկ, «Առանց մեկնաբանության» վերտառությամբ «Էդվարդ Իսաբեկյան ցուցասրահի» ներկա վիճակին վերաբերող լուսանկարները հերթական հուսահատությունն են պատճառում: Ջրի խողովակների անսարք վիճակից հասցրել են բավական վնասվել պատերը, խոնավությունը ակնհայտ է: Իսկ ահա այս նկարում ջերմաչափը ցույց է տալիս առկա ջերմաստիճանըՙ պատկերասրահից դուրս եւ պատկերասրահի ներսում. տեսեքՙ առաջինըՙ 0, մյուսըՙ ընդամենը +3: Սրահը փաստորեն չի ջեռուցվում: Թանգարանային հատուկ պայմանների, այնտեղ պահվող իրերի անվտանգությունն ապահովող չափանիշների մասին չկրկնեք այստեղ: Պարզապես հարց ուղղեք պատկան մարմիններին, ինչպե՞ս այսպիսի պայմաններում կարող են պահպանվել գեղանկարչական գործերը, ո՞վ պետք է կանխի վերահաս վնասները: Մանավանդ որ նրանց մի քանի անգամ իրազեկել են այս մասին, իսկ փոփոխություն առայժմ չկա: Մինչդեռ ձմեռն այս տարի կարծես ավելի խիստ է լինելու եւ խնայել չի պատրաստվում: |