RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



ԹԵՀՐԱՆ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1001, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՅՍՕՐ ԷԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Վ. Պ.

Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցով Թեհրան ժամանած ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն , իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշել է. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որ նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հերթին, անդրադարձել է կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում իրավաբան Լեմկինի անժխտելի դերին: Դեսպանը նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ կոնվենցիայի մշակման գործում:

Օրվա բանախոս, Թեհրանի Հայ դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրել է Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձել Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Նա անդրադարձել է նաեւ կոնվենցիայի որոշ դրույթների եւ նշել, որ թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց ցեղասպանությունից տարիներ անց, սակայն կարելի է կիրառել նաեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք է ուղղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը , նշելով, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա են եղել Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը , ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը , Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի, թեմական խորհրդի, թեմակալ առաջնորդի փոխանորդ Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ