ԿԱՐՅԱԿԻՆԸ ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱԿԻՑ Է ԴԱՐՁԵԼ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ Պեկինում ավարտին է մոտենում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը: Երեկ մասնակիցները մեկնարկեցին բասկյան կամ կույր շախմատի մրցաշարում: Ընդհանուր առմամբ անցկացվելու է 5 տուր, ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ 2-ական պարտիա են խաղում: Լեւոն Արոնյանը Անիշ Գիրիի նկատմամբ տոնած 2 հաղթանակներով մեկնարկեց: 2-րդ տուրում նա մրցեց Սերգեյ Կարյակինի հետ, որին 0,5-1,5 հաշվով զիջել էր կայծակնային մրցաշարում: Ցավոք, պատմությունը կրկնվեց եւ Արոնյանը նույնպիսի հաշվով պարտվեց: 3-րդ տուրում Ալեքսանդր Գրիշչուկի հետ 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: 3 տուրից հետո Արոնյանը վաստակած 3,5 միավորով 4-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորում է Սերգեյ Կարյակինըՙ 5 միավոր: Նրանից մեկ միավորով հետ են մնում Ռուսլան Պոնոմարյովն ու Լե Քուանգ Լիեմը: Այսօր կկայանան մրցաշարի ավարտական 2 տուրերը: 4-րդ տուրում Արոնյանը կմրցի Ռուսլան Պոնոմարյովի հետ: |