RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1311, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՆԱՑ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ «Շահդենիզ-2» նախագծի մշակման եւ ապագա շահագործման մեկնարկային համաձայնագրի հետ միաժամանակ նախատեսված էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) հունական կողմի հետ կկնքի Հունաստանի հանրային գազամատակարարման ցանցը (DESFA) գնելու գործարք, որն ադրբեջանական կողմը շտապել էր նախանշել իբրեւ երկրորդ «դարի պայմանագիր»:

Իրոք, եթե գործարքը տեղի ունենար, ապա Ադրբեջանը հնարավորություն կունենար Եվրոմիության անդամ Հունաստանին ոչ միայն գազ մատակարարելու ապագայում, այլեւ DESFA-ն ձեռք բերելու պահից այդ երկրում իրականացնելու գազի ներքին մատակարարման միակ օպերատորի գործառույթներ` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

Երեկ դա տեղի չի ունեցել: Գործարքի չկայացման ձեւական պատճառն այն է, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Բաքու չի ժամանել: Դեկտեմբերի 16-ին Հունաստանի վարչապետի ինքնաթիռն Աթենքի օդանավակայանից օդ է բարձրացրել, բայց 15 րոպե անց «տեխնիկական անսարքության պատճառով վայրէջք կատարել երկրի ռազմական օդանավակայաններից մեկում»:

Հասկանալի է, որ Բաքու հասնելու ցանկության դեպքում Սամարասը հնարավորություն ուներ օգտվելու այլ ինքնաթիռից կամ, ընդհանրապես, նրան սպասարկող ինքնաթիռը «տեխնիկական անսարքության» մեջ չէր գտնվի: Եվ հունական կողմը չի էլ թաքցրել դա: Հունական մամուլի տեղեկացմամբ, դեկտեմբերի 16-ին, նույն օրը, երբ վարչապետ Սամարասի ինքնաթիռում «տեխնիկական անսարքություններ են հայտնաբերվել», ռուսաստանյան «Գազպրոմ»-ը ներկայացրել է DESFA-ի «մասնավորեցման ավելի գրավիչ առաջարկություն»:

Տեղեկատվությունը, ըստ Ռոյթեր գործակալության, որին հղում է արել ադրբեջանական «Թուրան»-ը, հաստատել է Հունաստանի սեփականաշնորհման գործակալության ղեկավար Կոնստանտինոս Մանիատապուլոսը: Վերջինիս ձեւակերպմամբՙ «Ռուսաստանը հայտարարել է, որ իրեն հետաքրքրական կլիներ ցանկացած նոր մրցույթ, բայց մեկ հայցվորի առկայության դեպքում դա նույնիսկ դժվար է մրցույթ անվանել», ինչից ենթադրվում է, որ հունական կողմն արդեն իսկ լուծված է համարում «Գազպրոմ»-ին DESFA-ն վաճառելու հարցը:

«Թուրան»- ի վերլուծական ծառայության կարծիքով, Ռուսաստանին հաջողվել է չեզոքացնել Հունաստանի վրա Եվրոմիության ազդեցությունը: Ավելին, ադրբեջանական փորձագետները գտնում են, որ հունական կողմը նախապես էլ հակված է եղել DESFA-ն «Գազպրոմ»-ին վաճառելու տարբերակին, սակայն տեղի է տվել ԵՄ ճնշումներին եւ բանակցություններ սկսել Socar-ի հետ:

Դեկտեմբերի 12-ին Եվրոմիությունը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ` «Հարավային գազային հոսք» նախագծի հարցով: ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերն ասել է, որ «Եվրոմիությունը դեմ չէ «Հարավային գազային հոսքին», բայց պահանջում է պահպանել եվրոպական օրենսդրությունը»: Իսկ վերջինս ենթադրում է ուղղահայաց ենթակայության ընկերությունները տարաբաժանել արդյունահանողի, տարանցողի եւ բաշխողի, ինչը մեծ դժվարություն չի ներկայացնում: Նույն «Գազպրոմ»-ը, հանուն գազի եվրոպական շուկայում առաջնատար դիրքի պահպանման կարող է գրանցել արդյունահանող, տարանցող եւ բաշխող ընկերություններ` պահպանելու եվրոպական օրենսդրության պահանջները:

Ըստ երեւույթին, Եվրոմիությունը եւ Ռուսաստանն այդ հարցում կամ համաձայնության են եկել, կամ դրան չափազանց մոտ են, այլապես ԵՄ որեւէ պաշտոնյա գոնե ափսոսանք կհայտներ, որ Հունաստանի վարչապետը «տեխնիկական պատճառներով չի կարողացել հասնել Բաքու»: Համենայն դեպս, «Թուրան»-ի վերլուծաբանները կարծում են, որ «իրադարձությունների զարգացման ներկա փուլում Ադրբեջանն, ըստ երեւույթին, պետք է բավարարվի գազ մատակարարողի գործառույթով` հեռանկար ունենալով «Հարավային գազային հոսքի» ենթակառուցվածքների օգտագործումը»:

Բայց չէ՞ որ դա էլ իր հերթին կարող է քաղաքական խնդիրներ հարուցել: «Հարավային գազային հոսքի» խողովակաշարն անցկացնում է հիմնականում «Գազպրոմ»-ը, եւ այդ ենթակառուցվածքից օգտվելու համար Ադրբեջանը պետք է ունենա Ռուսաստանի համաձայնությունը, որը, հասկանալի է, չի կարող լինել անշահախնդիր:

Ռուսաստանն, այսպիսով, կարծես թե Ադրբեջանին «վճարում է նույն դրամով»: Վերջին տարիներին Բաքվում իշխող վարչախմբի ողջ քարոզչությունն ուղղված էր նրան, որ Ադրբեջանը «բոլոր հնարավորություններն ունի գազի եվրոպական շուկայում դառնալու Ռուսաստանի մրցակիցը»: Իլհամալիեւյան վարչախումբը նաեւ չէր զլանում «եղբայրական օգնության» առաջարկություններ անել Ուկրաինային` դառնալու այդ երկրի «էներգետիկ անվտանգության երաշխավորը»:

Հունական DESFA-ի մասնավորեցման հետ կապված ադրբեջանական ֆիասկոն, որ արդեն գրեթե իրողություն է, գալիս է մերկացնելու Իլհամ Ալիեւի քաղաքականության սնանկությունը: «Թուրան»-ի վերլուծաբաններն արձանագրում են, որ «գազի մատակարար մնալու Ադրբեջանի ընտրությունը պայմանավորված է նրա եւ Ռուսաստանի քաշի անհամատեղելիությամբ, ինչպես նաեւ Մոսկվայի այլ հնարավորություններով»:

Ավելին, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը չի ասի: Մեզ մնում է դիտել տալ մանավանդ «Մոսկվայի այլ հնարավորությունների» մասին դիտարկման ենթատեքստը եւ այսպիսի ճակատային հարցադրում անել.

- Իսկ ո՞ւր մնացին Իլհամ Ալիեւի հավաստիացումներն «անկախ արտաքին քաղաքականություն» վարելու եւ այն մասին, որ «աշխարհում չկա մի ուժ, որ մեզ ստիպի ընդունել մեր ազգային շահերից չբխող որոշումներ»:

Պարզվում է, սեփական «աղավնատան բարձունքից» ամեն ինչ հեշտ է երեւում, բայց բավական էր, որ Իլհամ Ալիեւն իր մեծ քիթը դուրս բերեր եվրոպական միջավայր, որպեսզի այն տրորվեր: Ընդ որում` դիվանագիտական եւ կոմերցիոն «պատշաճության» բոլոր դասական միջոցներով` միաժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ