ԹՈՒՐՔԻԱՆ ԶԻՆԵԼ ԵՎ ԶԻՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ Թուրքիան առնվազն 47 տոննա սպառազինություն է ուղարկել նախագահ Ասադի վարչակարգի դեմ կռվող սիրիացի ապստամբներին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ՄԱԿ-ի եւ Թուրքիայի կառավարության աղբյուրներ: Վերջիններիս տվյալների համաձայն, հիշյալ զենքը Սիրիա է ուղարկվել ընթացիկ տարվա հունիսից մինչեւ դեկտեմբեր: Միայն սեպտեմբերին Թուրքիայից ապստամբներն է առաքվել 29 տոննա սպառազինություն: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես իր աջակցությունն էր հայտնել սիրիացի ապստամբներին, բայց միաժամանակ ժխտել էր, թե զինում է նրանց: Ֆրանսպրեսի թղթակիցը մեկնաբանութունների համար դիմել է մի թուրք դիվանագետի: Վերջինս հաստատել է իշխանությունների դիրքորոշումըՙ ասելով, թե Անկարան իբր զենքով չի օգնում ապստամբներին: Նրա խոսքերով, լրագրողների տրամադրության տակ հայտնված հաշվետվություններում խոսքը «ոչ ռազմական» սարքավորումների մասին է: Թուրքիայի ներքգործնախարարությունը, սակայն, անցյալ ամիս խոստովանել էր, որ Սիրիայում ապստամբների հետ կողք-կողքի կռվում են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ: Սիրիայի իշխանությունները Անկարային քանիցս մեղադրել են, որ նա չի խոչընդոտում իր սահմանով դեպի Սիրիա զենքի եւ գրոհայինների տեղաշարժմանը: Պաշտոնական Դամասկոսը առայժմ որեւէ ձեւով չի արձագանքել այն հաղորդումներին, որ Թուրքիայի կառավարությունը զենք է առաքում ապստամբներին: Սիրիայում 2011-ի մարտին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 120 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ զրկվել են օթեւանից եւ դարձել գաղթական: Հենց միայն Թուրքիայում ապաստանել է 600 հազար մարդ: |