RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1468, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀՐԱԴԱԴԱՐ ԿՀԱՍՏԱՏՎԻ՞ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ Նյուպորտում մեկնարկեց ՆԱՏՕ-ի ընդլայնված գագաթաժողովը, անդամ եւ ոչ անդամ (դիտորդ) երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Անշուշտ դեռեւս վաղ է ըստ էության քննելու կամ վերլուծելու գագաթաժողովում հնչած ելույթներն ու քննարկումները. դրանք շարունակվում են այս պահին, երբ գրվում են այս տողերը, եւ շարունակվելու են նաեւ վաղը (այսօր): Սակայն գագաթաժողովին նախորդած հայտարարություններից, հարցազրույցներից ու մամլո ասուլիսներից կարելի է եզրակացնել, որ այս երկու օրերին նյուպորտյան քննարկումների գլխավոր թեմաները երկուսն ենՙ ուկրաինական տագնապը եւ ISIS-ի կամ «խալիֆաթականների» զսպման եւ պատժելու մեխանիզմների որոնումը:

Նշված երկու թեմաների կարեւորման առումով ուշագրավ էր արդեն նախորդՙ չորեքշաբթի օրը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, որը որքան երկար, այդքան էլ ոգեւորիչ էր Մերձբալթյան երկրների, Լեհաստանի եւ շրջանի նախկին սոցիալիստական մյուս երկրների համար, որոնք Ղրիմի կցումից եւ հարավ-արեւելյան Ուկրաինայում տիրող իրավիճակից խիստ անհանգիստ են դարձել եւ կարիք ունեին Մ. Նահանգների նախագահի սրտապնդիչ խոսքերին, ինչը Օբաման նրանց ընծայեց առատորեն, հռետորաշունչ հավաստիացումներով. ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր պաշտպանված կլինի մյուս անդամների կողմից, գլխավորությամբ Մ. Նահանգների:

Այդ վստահեցումները հավանաբար սրտապնդիչ էին նաեւ ուկրաինացիներից շատերի համար, որոնք վախենում են ռուսական ներխուժումներից եւ բռնակցումներից, եւ ՆԱՏՕ-ն, միշտ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նրանց ներշնչում է ապահովություն:

Սակայն ողջախոհությունը թելադրում է ընդհակառակըՙ մտահոգվել նման հոխորտանքներից, որոնք սպառնում են առավել խորացնել տագնապը, Արեւմուտք-Ռուսաստան առճակատման վտանգը դարձնել անմիջական, երկրում ստվարացնել զոհերի ու վիրավորների թիվը, փախստականների ու տարհանվածների քանակը, առավել քայքայել երկրի տնտեսությունը: Այնպեսՙ ինչպես նրանց պետք է մտահոգի նախագահ Պուտինի 7 կետանոց զինադադարի կամ հաշտության առաջարկի որոշ կետերը, որոնք պարզապես նշանակում են Կիեւի կապիտուլյացիան:

Ողջախոհությունը թելադրում է շտապ վերադառնալ տագնապի լուծման սկզբնակետինՙ հրաժարվել Ուկրաինայի ՆԱՏՕ-յացումից, հանգստացնելով պարանոյակ դարձած Մոսկվային եւ հարգելով դեռեւս 1989 թ.ին պետքարտուղար Ջեյմս Բեյքերիՙ Գորբաչովին տված խոստումը, խորքային բանակցությունների նստել ընդդիմադիրների կամ անջատողականների հետ եւ պայմանավորվել տեղական ինքնավարությամբ օժտելու երկրի հարավ-արեւելյան շրջանները, եւ, թերեւս, երկիրը ֆեդերատիվ կարգավիճակի բերելու շուրջ: Սակայն առաջին հերթին պետք է հասնել հրադադարի հաստատմանը, որը հնարավոր կդարձնի հակամարտ կողմերի միջեւ խորքային բանակցությունների անցկացումը:

Բարեբախտաբար երեկ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հրադադարի հույս հայտնեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Նույնը կրկնեց Եվրոմիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառուզոն, նույնը հաստատեցին նաեւ ռուսամետ ընդդիմադիրներըՙ նշելով անգամ ժամըՙ այսօր ժամը 3-ին:

Կհաջողվի՞ հրադադար հաստատել հարավ-արեւելյան Ուկրաինայում, երբ ներկա պահին շարունակվում են կատաղի ռմբակոծումները եւ ուժերի կուտակումները նավահանգստային Մարիոպոլում: Սպասենք եւ հուսանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ