ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին եւ ծրագրի մանկավարժներին: Տարբեր մարզեր ներկայացնող ուսուցիչները ծանոթացել են մարդկային ռեսուրսները կառավարելու` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձին: Իսկ պատանիներն առավելապես հետաքրքրվել են ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ: «Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման եւ արդյունավետ կառավարման համար, սակայն, հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների եւ գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է: Գործնականում, սակայն, կարեւոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլեւՙ մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն եւ պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի եւ պատասխանատու բիզնեսի նրբությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչո՞ւ է հավասարապես կարեւորվում կոմերցիոն եւ սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպե՞ս պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի եւ մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսեւորել ազնիվ մրցակցություն եւ այլն: Պատանիների համար հետաքրքրական բացահայտում է եղել առաջարկվող ծառայության հիմքում սպառողի գոհունակությունը կարեւորելն ու սխալների հավանականությունը նվազագույնի հասցնելու մոտեցումը: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կառավարման գործընթացում արդյունավետ լուծում է երիտասարդության համար: Տեսական գիտելիքները գործնական տիրույթում դրսեւորելու հնարավորությունը պատանիներին թույլ է տալիս զգալ որեւէ ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլերը, հնարավոր խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները: |