ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գրադարանի ավագ գրադարանավար Օրերս Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի եւ ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի նախաձեռնությամբ հրատարակվել է «Գրադարանային-տեղեկատվական կրթության համակարգում նոր տեխնալոգիաների եւ սոցիալական մեդիաների կիրառման արդի միտումները» հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածուն, որն ընդգրկում է 2014 թվականի հունիսի 10-ին Ավետիք Իսահակայանի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցած հանրապետական գիտաժողովի զեկուցումները: Ժողովածույում ընդգրկված են գրադարանային-տեղեկատվական համակարգի դասախոսների, ասպիրանտների, փաստաթղթային-տեղեկատվական գործունեությամբ զբաղվող մասնագետների գիտական հոդվածներ: Հեղինակները անդրադարձել են գրադարանային-տեղեկատվական ոլորտում ծագած բազմաթիվ կարեւոր հիմնահարցերի: Վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է, որ գիտաժողովի ընդհանուր նպատակը ուղղված է մշակութային ժառանգության պահպանման, գրադարանային աշխատանքների ավանդույթների վերականգման ու գրքի ընթերցանության զարգացմանը: Մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը անդրադարձել է գրադարանային-տեղեկատվական գործի զարգացման ռազմավարությանը, կառավարման մեթոդաբանությանը, որն ունի կիրառական, կրթական, քաղաքական ռազմավարական նշանակություն: Ներկայացնելով որոշակի դիտարկումներ, Գագիկ Սուքիասյանը նշել է նաեւ, որ ընթերցողի հետաքրքրությունը եւ ընթերցանությունըՙ որպես «աշխարհի ճանաչողության միջոցներից մեկը», երբեք եւ մշտապես չի սպառվել կամ սահմանափակվել ընթերցողա-հաղորդակցական առանձին օբյեկտով: Իսկ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցուհի Աննա Մկրտչյանի կարծիքով, գրադարանային-տեղեկատվական գործի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բնագավառի բազմակողմանի զարգացման միտումները, մասնավորապեսՙ ապահովել մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ժամանակակից պահանջները: Ժողովածուի հիմնական արժեքներից մեկն այն է, որ նրանում ներառված գիտական հոդվածներն առանձնանում են թե՛ քննության ենթարկվող հարցերի արդիականությամբ եւ թե՛ թեմատիկ, մասնագիտական լայն ու բազմազան ընդգրկմամբ: Այն նախատեսված է գրադարանային-տեղեկատվական բարձրագույն կրթության համակարգի դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, գրադարանային-հաղորդակցման ոլորտի եւ փաստաթղթային-տեղեկատվական գործունեությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաեւ ընթերցանության հարցերով հետաքրքրվողների համար: |