ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՄԵՆԱՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՔԱՅԼՆ ԷՐ» «Հայաստանի Հանրապետությանՙ Մաքսային Միությանն միանալու որոշումը Հայաստանի կողմից կատարված ամենաշրջադարձային եւ ճշգրիտ քայլն էր»,- Մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 3-ին հայտարարեց քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-յորքյան ներկայացուցչության ղեկավար, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր Անդրանիկ Միհրանյանըՙ «Հայաստան, Եվրասիական տնտեսական միության հեռանկարներ, Ուկրաինական ճգնաժամ» թեմայով դասախոսության ժամանակ: «Անվիճելի ճշմարտություն էՙ չես կարող անվտանգությունդ ապահովել մի համակարգում, իսկ տնտեսական բերեկեցությունըՙ մեկ այլ»,-ընդգծեց քաղաքագետը: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն, ապա նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին: «Արտաքին քաղաքականության ձեւավորման ժամանակ պետությունների համար պետք է լինեն առաջնահերթություններ. Հայաստանի համար այդ առաջնահերթությունը անվտանգությունն է. մենք չպետք է մոռանանք, որ մի կողմից գտնվում ենք «տաք», մյուս կողմիցՙ սառը պատերազմում»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը եւ հավելեց, որ եթե կան մեծ պետություններ, որոնք ստանձնում են տվյալ երկրի անվտանգության երաշխավորությունըՙ նշանակում է այդ պետությանը կամ կառույցին այլըտրանք չկա: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքներինՙ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ այն կնպաստի ե՛ւ ՀՀ տնտեսական աճին, ե՛ւ ներդրումային դաշտի ընդլայնմանը, ե՛ւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Անդրանիկ Միհրանյանը նկատեց, որ Ուկրաինայի նման ոչ ունիտար երկիրն ազգայնական ուժի ղեկավարմանն անցնելու պարագայում կկործանվի, ինչի ականատեսն ենք այսօր: Քաղաքագետը կարեւորեց Ղրիմի ինքնորոշման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ու ամենաբարձր մակարդակով հանրաքվեի լեգիտիմության ճանաչումը, եւ նշեց, որ այդկերպ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց իր մոտեցումը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկիՙ ազգային ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: |