ԻՍԼԱՆԴԱԿԱՆ ՀՐԱԲՈՒԽ. 2010-Ը ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ" Պ. Ք. Օգոստոսի լույս 29-ի գիշերը Իսլանդիայի հյուսիս-արեւելքում սկսվեց Բարդարբունգա հրաբխի ժայթքումը: Տեղական իշխանությունները օդանավերի համար հայտարարեցին վտանգի ամենաբարձրՙ կարմիր աստիճան եւ այդ շրջանում օդային տարածքը փակեցին մինչեւ 5,5 հազար մետր բարձրությունը: Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայության ռադարները առայժմ չեն արձանագրել մթնոլորտի մեջ հրաբխային մոխրի արտանետումներ, որը գլխավոր վտանգն է օդանավերի համար: Սակայն փորձագետները չեն բացառում, որ Բարդարբունգայի ժայթքումը կարող է Եվրոպայում առաջ բերել ավիափոխադրումների այնպիսի խաթարում, որպիսին 2010-ին տեղի ունեցավ Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ակտիվության պատճառով: Օգոստոսի 18-ին սառցադաշտից երեք մետր խորության վրա արձանագրվել էին առաջին ստորգետնյա ցնցումները եւ հրահեղուկի տեղաշարժերը: Սառցադաշտի հալքը կարող էր առաջացնել հեղեղումներ, ուստի Իսլանդիայի իշխանությունները փակեցին մի շարք ավտոճանապարհներ, իսկ օգոստոսի 20-ին սկսեցին տարհանել վտանգված շրջանների բնակչությանը: Օգոստոսի 22-ից ի վեր արձանագրվել է 4,7-ից մինչեւ 5,7 մագնիտուդով մի քանի երկրաշարժ, սեպտեմբերի լույս 2-ի գիշերըՙ երկու թույլ ցնցում: Իրավիճակը հիշեցնում է 2010-ի դեպքերը, երբ 200-ամյա քնից արթնացած Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը 6 օրով կազմալուծեց Եվրոպայի օդային հաղորդակցությունները: Ժայթքման միայն առաջին երեք օրերին մթնոլորտ արտանետվեց մոտ 140 մլն խմ մոխիրՙ հանգեցնելով տասնյակ երկրների օդային տարածքի փակմանը: Այն ժամանակ ավիափոխադրողների ընդհանուր կորուստները կազմեցին ավելի քան 1 միլիարդ դոլար: Իսլանդական հրաբխի մոխիրը դարձավ տարբեր երկրների տնտեսության սերտ փոխկապվածության եւս մեկ ապացույց: Այսպես, Փարիզի, Ֆրանկֆուրտի եւ Լոնդոնի օդանավակայաններոմ չվերթների դադարեցումը լուրջ բարդություններ առաջացրեց Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում: Քենիացի ծաղկաբույծները կորցնում էին օրական մեկուկես միլիոն դոլար, քանի որ Քենիան աշխարհում վարդ արտահանող գլխավոր երկիրն է (վարդերի 80 տոկոսն արտահանվում է ԵՄ): Մնացյալ աշխարհի հետ Եվրոպայի օդային հաղորդակցության խզումը հանգեցրեց նաեւ նավթամթերքների արտադրության անկմանը: Աշխարհում ավիացիոն կերոսինի պահանջարկի կրճատումը կազմեց օրական 1 մլն բարել: Տուժեցին նաեւ էլեկտրոնիկա արտադրողները: Ֆրանսիական ընկերությունները չէին կարողանում Ասիայից ստանալ անհրաժեշտ բաղադրամասեր: Ճապոնիայում «Նիսսանը» կանգնեցրեց ավտոհավաքման երեք հոսքագիծ, քանի որ Իսլանդիայից չէր ստանում որոշ անհրաժեշտ մասեր: Սեուլի օդանավակայանում մնացին 30 մլն դոլար արժողությամբ 200 հազար Samsung եւ LG բջջային հեռախոսներ, որոնք նախատեսված էին եվրոպացի գնորդների համար: Զբոսաշրջության խոշոր ընկերություններն ամեն օր կորցնում էին միլիոնավոր եվրոներ ու ֆունտեր, քանի որ հրաբխի ժայթքումից առաջ օրական Եվրոպա էր գալիս շուրջ 700 հազար զբոսաշրջիկ: Հնարավո՞ր է արդյոք նման իրավիճակի կրկնություն: Փորձագետներն ունեն տարբեր կարծիքներ: «Թռիչքների անվտանգություն» ռուսական խորհրդատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Մելնիչենկոն գտնում է, որ Բարդարդունգայի ժայթքումը կարող է հանգեցնել Եվրոպայի օդային տարածքի փակմանը: «Այդ տարածաշրջանում գերակշռում են հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք փչող քամիները, այսինքն մոխիրը Իսլանդիայից կարող է հասնել մայրցամաքային Եվրոպա, որտեղ կգոյանա նույնպիսի իրավիճակ, ինչպիսին չորս տարի առաջ էր», ասում է նա: Մինչդեռ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի երկրաբանության ֆակուլտետի քարաբանության ամբիոնի աշխատակից, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Պավել Պլեչովը բավական լավատես է: «Առայժմ ժայթքումը շատ հանդարտ է զարգանում: Առաջին հրահեղուկ զանգվածը հայտնվել է հրաբխի այն մասում, որը ծածկված չէ սառցադաշտով: Մոխրի եւ պայթուցիկ երեւույթների առաջացման տեսակետից դա լավ նախանշան է: Այսպիսով, կարող է տեղի ունենալ հրահեղուկ զանգվածի հանդարտ արտահոսք եւ ուրիշ ոչինչ: Անշուշտ, կլինեն տեղային ինչ-ինչ հետեւանքներ, բայց 2010 թվականը, կարծում եմ, չի կրկնվի», կարծում է Պլեչովը: |