ՄԱՐՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու Օրեր առաջ Առաջին աշխարհամարտի վերաբերյալ «Ազգ»-ում մեր նախորդՙ հունիսի 4-ի հրապարակումը բավական լայն ընթերցող լսարան էր ընդգրկել: Շատերը դրվատանքի ու գնահատանքի խոսքեր հնչեցրին, իսկ շատերն էլ հարցնում էին` արժե՞ արդյոք հիշել 1914 թ. օգոստոսի 1-ը եւ ավելացնում` ե՞րբ է դա եղել, որքան ջրեր են հոսել այդ օրվանից...: Այսօր աշխարհում մի կենդանի վկա էլ չի մնացել, որ պատմի այդ իրադարձությունների մասին: Իսկապես, արժե՞ հիշել: Մեր խորին համոզմամբ ոչ միայն արժե, այլեւ անհրաժեշտ է, որ թեկուզ մեկդարյա հեռվից մարդիկ սթափ նայեն այդ ամենին, զգույշ ու զգոն լինեն` այդպիսի իրադարձություններն իսպառ բացառելու համար: Հատկապես մեզ` հայերիս համար, Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրյակին պարտադիր ու անհրաժեշտ է հիշել, վերլուծել ու գնահատել այն: Քանի որ այն Հայոց ցեղասպանության նախերգանքը եղավ, թողտվությունը, Թուրքիային ազատ ու անկաշկանդ գործելու յուրակերպ «քարտ բլանշ»: Թե չէ Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, վաղն էլ չգիտեմ որտեղ, ամեն պահ իսկական սպառնալիքի տակ է մարդկությանն այնքան ահրաժեշտ խաղաղությունը: Բոլորովին զուր տեղը հայտարարված եւ միլիոնավոր կյանքեր խլած «Մեծ»` ինչպես որ անվանում էին 1914 թ. հունիսի 28-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի նպատակը աշխարհը վերաբաժանելն էր, դրա քաղաքական քարտեզի վերաձեւումը: Ակնհայտ էր, որ իրավիճակը Եվրոպայում այնքան էր լարվել, որ եթե նույնիսկ Գավիլ Պրինցիպի կրակոցներն էլ չլինեին, պատերազմը կսկսվեր մեկ այլ առիթով, դա ընդամենը ձեւական առիթն էր: Իսկ ամենաառաջնային պատճառը` Հյուսիսային Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք ցամաքային միջանցք բացելու փորձի կանխումն էր: Մինչ օրս այդ պատերազմը համաշխարհային պատմության վրա թողած հետեւանքներով եւ ազդեցությամբ իրեն հավասարը չունի: Աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էին 38-ը. այն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի ավելի քան 4 մլն քառ.կմ տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի այդ ժամանակվա բնակչության 87 %-ը): Պատերազմի հետեւանքով աշխարհի պետությունների թիվը 59-ից հասավ 71-ի, աշխարհի քաղաքական քարտեզից անհետացան Ռուսական, Գերմանական, Ավստրո-Հունգարական եւ Օսմանյան կայսրությունները: Ծնվեցին նոր պետություններ: Փոխվեց համաշխարհային հասարակությունը. փոխվեցին մարդկանց հայացքները, գնահատականները, մշակույթն ու արվեստը, նույնիսկ` մոդան: Մարդկության ճակատագրի հետագա ողջ էվոլյուցիան եղավ հետեւանք այդ ողբերգության: Պատերազմը հսկա վամպիրի նման ծծեց Եվրոպայի ժողովուրդների ուժերը, ամայացրեց նրանց հոգեպես եւ ֆիզիկապես: 1918 թ. սեփական եւ օտարների արյունից խելագարված զինվորները հիմնավորապես մոռացան, իսկ շատերն էլ հենց սկզբից չգիտեին, թե ինչի համար էին կռվում: Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին Արեւմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, եւ Արեւելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարեւոր էր նաեւ Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սեւ ծովից մինչեւ Ուրմիա լիճը 720 կմ երկարությամբ: Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ եւ նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների, նրա զգալի մասն ստիպված հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասեւ էջը հայոց Մեծ եղեռնն էր, որին զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն անմեղ մարդիկ: Ցեղասպանության ենթարկվեցին նաեւ Օսմանյան կայսրությունում բնակվող հույները, ասորիները եւ այլ ժողովուրդներ: Առաջին ամիսների հայրենասիրական պաթոսը պատերազմի հայտարարվելուց անմիջապես հետո անցավ: Սկսվեց ծանրագույն ու դաժան խրամատային անտանելի առօրյան: Ստեղծված անասելի դժվարություններից Եվրոպայի Ժողովուրդներն աստիճանաբար սկսեցին սթափվել հիպնոսահաշիշային քարոզչական թմբիրից: Բարձրագոչ հաղթանակներին փոխարինելու եկան պարտություններն ու հիասթափությունը: Ապրելու եւ հետագայում էլ գոյատեւելու համար առաջին անգամ խոսք գնաց կռվող պետությունների ուժերի ու հնարավորությունների համախմբման մասին: Այդ իմաստով ամենախոցելին Ռուսաստանն էր: Ոչ մի երկրում իշխանության վերին էշելոններում այնքան տարաձայնություններ չկային, որքան Ռուսաստանում: Իշխանությունների կողմից պատերազմը որպես երկրորդ հայրենական ներկայացնելու փորձը տապալվեց (առաջինը Հայրենական էր համարվել 1812 թ. Նապոլեոնի դեմ պատերազմը): Ազնվականությունը, գեներալների մի մասը, ձախ կուսակցությունները, լիբերալ մտավորականությունը եւ նրա հետ կապված բուրժուազիան բացահայտորեն հայտարարեցին Նիկոլայ 2-րդ ցարի երկիրը դեպի ցանկալի հաղթանակ առաջնորդելու համար անընդունակ լինելու մասին: Դրանով բանակի, որը պիտի հանդիսանար իշխանությունների ամուր թիկունքը, բարոյահոգեբանական կայունությունը արմատապես խաթարվեց, իսկ «Ռասպուտինշչինան» այսբերգի սոսկ երեւացող վերին մասն էր: Առաջ անցնելով նշենք, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանում ամեն ինչ ավարտվեց փետրվարյան հեղափոխությամբ: Ակնհայտ էր, որ ցարին տապալելու լավագույն պահը չէր ընտրված, եթե նկատի ունենանք, որ իշխողների վերջնական նպատակը պատերազմը հաղթական ավարտին հասցնելն էր: Ռուսաստանն աստիճանաբար ներքաշվեց ամենավտանգավոր տեսակի ռազմական կոնֆլիկտի` քաղաքացիական պատերազմի մեջ: Այն Ռուսաստանի, որը համարվում էր Գերմանիային գլխավոր հարվածող ուժը, առանց որի պատերազմը չէր վերածվի համաշխարհայինի: 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-12-ին Մարն եւ Էն գետերի շրջանում, գերմանական եւ ֆրանսիական զորքերի միջեւ, որտեղ երկու կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, որոնցից զոհվեցին եւ վիրավորվեցին ավելի քան` 600 հազարը: Մարն գետի ափին տեղի ունեցած ճակատամարտով Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական բանակի հարձակումը դեպի Փարիզ եւ հակառակորդին ստիպեցին նահանջել մինչեւ Էն գետը: Ճակատամարտի արդյունքում նաեւ ձախողվեց գերմանացիների ծրագրած կայծակնային հաղթանակի եւ Ֆրանսիային պատերազմից դուրս բերելու պլանը: Այդ հաջողությանն էականորեն նպաստեց այն հանգամանքը, որ ռուսները հավատարիմ իրենց դաշնակցային պարտավորություններին եւ նրանց խնդրանքով, հապշտապ, սակայն անհաջող ռազմական գործողություն ձեռնարկեցին Արեւելա-Պրուսական ճակատում: Այն ավարտվեց իրենց պարտությամբ եւ գեներալ Ա Վ. Սամսոնովի զոհվելով, սակայն հնարավորություն ընձեռեց դաշնակիցներին հաղթանակ տանել Մարնի ճակատամարտում եւ անխուսափելի գրավումից փրկել Փարիզը: Արեւմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները եւ հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչեւ 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հազարանոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաեւ Իրանի Ատրպատական նահանգից: Հակիրճ ներկայացնենք իրավիճակը ճակատամարտից առաջ: Սահմանային մարտերում հաղթանակ տանելով եւ Լե-Կատոյի, Նելի ու Պրիույրի, Սեն-Կանտենի եւ Գիզայի մոտ շարքից հանելով ֆրանսիացիների պաշտպանական ամրությունները, գերմանական բանակները ճեղքեցին ֆրանս-անգլիական ճակատային գիծը եւ ձգտում էին արեւմուտքից շրջանցել Փարիզը եւ ֆրանսիական բանակը վերցնել հսկայական «կաթսայի մեջ»: Սակայն Փարիզը շրջանցելու գործողությունն իրականացնելու համար գերմանացիների ուժերը պարզապես չբավարարեցին: Զորքն էլ հարյուրավոր կիլոմետրեր անցնելով ուժասպառ էր եղել, թեւերն ապահովված չէին, համալրում չկար եւ ստիպված հրամանատարությունն ընդունեց 1-ին բանակի հրամանատար, գեներալ ֆոն Կլյուկի առաջարկը` կրճատել հարձակման ճակատային գիծը եւ շրջվել Փարիզից հյուսիս դեպի արեւելք եւ թիկունքում հարվածել ֆրանսիական բանակի հիմնական ուժերին: Սակայն դրանով գերմանացիներն իրենց աջ թեւն ու թիկունքը թողեցին Փարիզը պաշտպանող գեներալ Գալլիենի 6-րդ բանակի հարվածի սպառնալիքի տակ: Թեեւ գերմանացիները հույս ունեին, որ ֆրանսիացիները ակտիվություն չեն դրսեւորի, սակայն սխալվեցին` ֆրանսիացիները որոշեցին օգտվել այդ հնարավորությունից եւ ջախջախիչ հարված հասցնել թշնամուն: Սեպտեմբերի 1-ին ֆոն Կլյուկի 1-ին բանակը շրջվեց Փարիզից դեպի արեւելք եւ կրնկակոխ հետապնդելով անգլիական զորամասերին` սեպտեմբերի 4-ին գետանցելով Մարնը, մոտեցավ Փարիզին 40 կմ: Այդ նույն ժամանակ հյուսիսից Մարնի մոտ հասավ նաեւ ֆրանսիական 5-րդ բանակը: Հետապնդելով անգլիացիներին ֆոն Կլյուկն հայտնվեց 6-րդ եւ 5-րդ ֆրանսիական բանակների արանքում: Սեպտեմբերի 3-ին Փարիզի պաշտպանության հրամանատար Գալլիենը մի կերպ համոզեց ֆրանսիական զորքերի ընդհանուր հրամանատար Ժոֆֆրեին, ով արդեն պատրաստվում էր Սենայից այն կողմ նահանջելու հրաման արձակել, հրամայել գեներալ Մոնուրի 6-րդ բանակին` աննկատ անցնել հակահարձակման: Ժոֆֆրենն արձակեց հակահարձակման անցնելու այդ հրամանը, սակայն անգլիական ուժերի հրամանատար Ֆրենչը հրաժարվեց զորավիգ լինել եւ հրամայեց շարունակել նահանջել: Միայն անձնական կոպիտ զրույցից հետո Ժոֆֆրենը տարհամոզեց անգլիացուն: Սեպտեմբերի 4-ին Ժոֆֆրենն հրամայեց գլխավոր հարվածը հասցնել գերմանացիների աջ թեւին , իսկ Վերդենից արեւմուտք` որպես օգնական հարված, պիտի ապահովեր 3-րդ բանակը: 9-րդ եւ 4-րդ բանակները պիտի հարձակվեին կենտրոնից: Վերդեն-Փարիզ գծում կողմերի ուժերը բաղկացած էին. դաշնակիցներ`1 082 000 մարդ, 2816 թեթեւ եւ 184 ծանր հրետանի: Գերմանացիները` 900 000 մարդ, 2928 թեթեւ եւ 436 ծանր հրետանի: Գլխավոր հարվածի ուղղությամբ անգլո-ֆրանսիական կենդանի ուժերը համարյա երկու անգամ գերազանցում էին գերմանացիներին: Սեպտեմբերի 5-ին 6-րդ ֆրանսիական բանակը սկսեց հարձակումը: Կլյուկը փորձելով փրկել իրավիճակը կանգնեցրեց դեպի արեւելք հարձակումը եւ այնտեղից լրացուցիչ ուժեր տեղափոխեց Մարն: Սեպտեմբերի 6-ին ամբողջ ճակատով դաժան մարտեր էին ընթանում: Հատկապես կատաղի մարտեր տեղի ունեցան Մարնի վտակ Ուրկի ափամերձ տարածքում: Սեպտեմբերի 7-ին հասավ ճակատամարտի կրիտիկական պահը: Երբ ֆրանսիական բանակները փաստորեն ջախջախված էին, գեներալ Գալլիենը Փարիզից օգնության ուղարկեց Մարոկկոական դիվիզիան: Ընդ որում, որպեսզի այն շտապ հասներ ճակատ, նրանց մի մասին ուղարկեցին գնացքներով, իսկ մյուս մասին` տաքսիներով: 600 ավտոմեքենաներ երկուական ուղերթ կատարեցին, օգնությունը ժամանակին հասավ ու հակառակորդի հարձակումը կասեցվեց: Հարվածը զարգացնելու հնարավորություններ այլեւս չունենալով, Կլյուկն ստիպված սեպտեմբերի 8-ին նոր ուժեր նետեց ճակատ եւ դրանով թուլացրեց կապն ու փոխկապակցված պաշտպանությունը իր բանակների միջեւ: Ստեղծված իրավիճակում անգլիական ուժերը կարող էին ջախջախիչ հարված հասցնել գերմանացիներին, սակայն նրանք շատ դանդաղ էին շարժվում, կանգ էին առնում ամեն մի աննշան դիմադրության ժամանակ, սակայն այդքանով հանդերձ, նրանք գերմանական ուժերը մասնատելու իրական սպառնալիք ստեղծեցին: Սեպտեմբերի 9-ին ֆոն Կլյուկը Մոնուրի ուժերին ջախջախիչ հարված հասցնելով ձգտում էր շարքից հանել ֆրանսիացիների ձախ թեւը եւ զգալի հաջողություն ունեցավ: Սակայն իմանալով մոտալուտ շրջապատման վտանգի մասին` գերմանական ուժերը ստիպված նահանջեցին: Մարտերում վերջիններս ծանր կորուստներ էին կրել, իսկ նահանջի հրամանը հոգեբանական շրջադարձ եղավ, որին ավելացել էր ծայրահեղ հոգնածությունը: Այդ ամբողջ ծանրաբեռնվածություններից տառապած եւ ուժասպառ եղած գերմանացիներն այնքան խորն էին քնում, որ հաճախ քնած էլ գերի էին ընկնում, իսկ երբեմն էլ ֆրանսիացիները պարզապես չէին կարողանում արթնացնել նրանց: Ֆրանսիացիներին եւս Մարնի հաղթանակը թանկ գնով էր տրվել. 250 000 զոհ, գերի եւ վիրավոր: Ֆրանսիական բանակն այնպիսի ծանր վիճակում էր, որ չկարողացավ նույնիսկ նորմալ հետապնդում կազմակերպել: Մարնի հաղթանակից հետո ստեղծված բարենպաստ իրավիճակը դաշնակիցները չկարողացան արժանավույնս օգտագործել: Գերմանացիներին չէր հաջողվում 1-ին եւ 2-րդ բանակների միջեւ առաջացած ճեղքը փակել մի ամբողջ շաբաթ, որը դաշնակիցների աշխույժ գործելու դեպքում կարող էր կործանարար լինել: Ֆրանսիացիները եւ անգլիացիները առաջ էին շարժվում չափազանց դանդաղ, որից էլ օգտվելով գերմանացիները կարողացան առաջ անցնել շուրջ 60 կմ եւ սեպտեմբերի 12-ին Էնա եւ Վիլ գետերի սահմանագծով պաշտպանական դիրքեր գրավել: Դաշնակիցների զորքերն այդ սահմանգծին հասան սեպտեմբերի 13-ին միայն եւ սկսվեցին մարտերը Էնայի ափին: Մարնի ճակատամարտի ու նրա հետեւանքների մասին շատ է գրվել ու խոսվել: Մասնագիտական ու սիրողական գրականության հատորներում էլ անդրադարձները շատ են, հատկապես ռազմագիտական տեսանկյունից մեծաքանակ վերլուծականների պակաս չկա: Սակայն թե՛ մարդկային զոհերի, թե՛ խեղված ճակատագրերի ու բարոյահոգեբանական անդառնալի ձեւախեղումների մասին վիճակագրական թվերից ավելին չի ասվում կամ, պարզապես, դրանք շրջանցվում են, հավանաբար առաջնորդվելով` մեկ-երկու մարդու սպանությունը հանցագործություն է, հազարներինը` վիճակագրություն, հանրահայտ բանաձեւումով: Այնինչ հակառակը պիտի լիներ եւ այդ դեպքում գուցե Երկրորդ համաշխարհայինը չլիներ, չծագեին մերօրյա «տաք» օջախները, որոնցում ամեն օր մարդիկ են զոհվում, ճակատագրեր խեղվում: Մի բան, որ բոլորիս ամոթն է, խորը ու սեւ խարան` մարդկային ցեղիս երեսին: |