Ի ՀԻՇԱՏԱԿ ԺԱՆ ԺՈՐԵՍԻ Հ. Ծ. Նշելու համար Ժան Ժորեսի (1859-1914) մահվան հարյուրամյակը, Ֆրանսիայում Հայ դատի ակտիվիստների եւ խորհրդարանականների մի մեծ պատվիրակություն, գլխավորությամբ Ազգային ժողովում սոցիալիստական խմբավորման նախագահ Բրունո լը Ռուի, երեկ ժամանել է Երեւան: Ըստ փարիզաբնակ անկախ լրագրող Ժան Էսքիյանի , պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսուա Դյուման, Լյուկ Կարվունասը, Ռընե Ռուկեն, Պասկալ Պոպելինը, Էրվան Բինեն, Նաթալի Նիսոնը, Սերժ Ֆրանսեչին, Մուրադ Փափազյանը, Հարութ Մարտիրոսյանը, Ալեքսիս Գյովճյանը, Ռիշար Անանյանը, Ժիրիկ Ղարապետյանը, Տիգրան Չերչյանը եւ Վարդան Գաբրիելյանը, մասնակցելու է մի շարք միջոցառումների Ծիծեռնակաբերդումՙ Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրում, ինչպես նաեւ Երեւանի ֆրանսիական համալսարանում կազմակերպվելիք կոնֆերանսին, որտեղ քննարկվելու է «Ժան Ժորեսը եւ հայերը» թեման: Այդ առթիվ բացվելուէ նաեւ «Ժորեսը եւ Հայ դատը» խորագրով ցուցահանդես: Հիշեցնենք, որ Ժան Ժորեսը միակն էր, որ 1897-ին իր ձայնը բարձրացրեց Ներկայացուցիչների պալատում ընդդեմ հայերի զանգվածային կոտորածներին, ասելովՙ «Մարդկությունը չի կարող ապրել նկուղում գտնվող սպանված մարդկանց կմախքների հետ»: |