ՏԱՆՁՈՒՏԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ Է, ԲԱՅՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է 2000 ԲՆԱԿՉԻ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Տանձուտ-Երեւան Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ամբուլատորիայում սարսափով են սպասում աշնան գալստին: Առաջին անձրեւներից հետո ամբուլատորիան պատվում է ջրով ու խոնավությունը մինչեւ մայիս ամիս չի անցնում: Դժվար է ամբուլատորիան բժշկական կառույց կոչել: Այն ավելի շատ կիսաքանդ պահեստ է հիշեցնում` արդված պատուհաններ, կաթող տանիք, ճաքած առաստաղ ու խոնավ պատերով: Վթարային շենքը կառուցվել է 60-ականներին ու երբեք չի վերանորոգվել: Կառույցը, որտեղ հատկապես ձմռանը մի քանի րոպե գտնվելը վտանգավոր է առողջության համար, սպասարկում է գյուղի ավելի քան երկու հազար բնակչի: Ամբուլատորիան գազաֆիկացված չէ, մշտական ջուր էլ չունի: Ձմռանը ամբուլատորիայի յոթ հոգանոց անձնակազմը հավաքվում է մանկաբույժ Անահիտ Մարտիրոսյանի սենյակում: Տարվա վեց ամիսն այս շենքում սառնամանիք է. կարողանում են ջեռուցել ընդամենը երկու սենյակ: Ջեռուցելը հարաբերական հասկացություն է. փոքրիկ էլեկտրական սալիկն ու փայտե վառարանն ընդամենը ջեռուցման տպավորություն են թողնում, քանի որ, պատուհանները ցելոֆոնապատ են, իսկ պատերն այնքան խոնավ, որ փոքրիկ «պլիտան» չի հասցնում անգամ սենյակում ջերմաստիճան փոխել: «Մի կարծեք, թե մենք միշտ այսպիսի պայմաններում ենք աշխատել», ասում են բժիշկներն ու հիշում երանելի ութսունականները, երբ իրենց աշխատանքից գոհ էին, պայմաններից չէին ամաչում, հինգ տարին մեկ վերապատրաստվում էին ու իրենց կեցությամբ խղճահարություն չէին առաջացնում: Ցավոք, ութսունականներից հետո այս շենքում գրեթե ոչինչ չի փոխվել: Միակ նորությունը համակարգիչն է, այն էլ ցրտից դանդաղ է աշխատում: Գյուղացիները կատակով ասում են, որ բժիշկներն իրենք օգնության կարիք ունեն, քանի որ առողջությունը վտանգելով գալիս են աշխատանքի, սակայն այս հարցում ամբուլատորիայի գործադիր տնօրեն Անահիտ Բեգլարյանը խորհուրդ է տալիս լավատեսությամբ զինվել եւ համբերել, մինչեւ կառավարությունն իրենց խնդրին էլ ուշադրություն կդարձնի: Իրականում որեւէ հույս չկա, որ ամբուլատորիան մոտ ժամանակահատվածում կվերանարոգվի եւ կջեռուցվի: Արդեն մի քնաի տարի է խոստանում են, սակայն խոստումն արդյունք չի տալիս: Ժամանակին ամբուլատորիային կից հիվանդանոց էլ է գործել: Շենքում անգամ վիրահատություններ են արել, սպասարկել նաեւ հարեւան գյուղի բնակիչներին, սակայն երկրաշարժից հետո հիվանդանոցը վերածվել է հանրակացարանի ու այնտեղ ապաստան գտան արհավիրքից անօթեւան մնացածները: Օրական միջին հաշվարկով ամբուլատորիան 15-20 հիվանդ է ունենում. նրանց մեծ մասին ուղեգրով ուղարկում են մարզկենտրոն: Գյուղին մոտ առաջին քաղաքը Արմավիրն է` տասը կիլոմետր հեռավորության վրա, ու քանի որ ամբուլատորիան շտապ օգնության մեքենա էլ չունի, ծանր հիվանդների դեպքում մեքենա ունեցող հարեւան-բարեկամներին են դիմում, որ հասցնեն հիվանդանոց: «Չգնաս ավելի լավ է, քան գնաս: Ոչ պայմաններ կան, ոչ օգնություն: Մեր կողմերում տարին 6-7 ամիս ձմեռ է, մարդ վախենում է, թե պոլիկլինիկայի կողքով անցնի»,- ասում են գյուղացիներն ու կատակում, որ աշխատում են չհիվանդանալ: |