ՄԱԿ-Ը ԿՔՆՆԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պ. Ք. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է Իրաք գործուղել հանձնաժողով, որը կքննի «Իսլամական պետության» ջիհադիստների ոճրագործությունները: Նախաձեռնությանը հավանություն են տվել միջազգային կազմակերպության բոլոր 47 անդամները: Հատուկ նիստն անցկացվել է Իրաքի պատվիրակության նախաձեռնությամբ: Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամմադ Շիա ալ-Սուդանին ջիհադիստներին մեղադրել է ցեղասպանության եւ հակամարդկային ոճիրների մեջ: Խորհրդի անդամները սեպտեմբերի 1-ին լսել են «Իսլամական պետության» գրոհայինների ոճիրների վկայություններ. զանգվածային մահապատիժներ, բռնի իսլամացում, կանանց սեռական ստրկություն, ռազմական գործողությունների ընթացքում երեխաների օգտագործում: Նիստը բացելովՙ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի տեղակալ Ֆլավիա Պանսիերին նշել է, որ էթնիկական զտումների հետեւանքով առնվազն 1 մլն իրաքցի դարձել է փախստական: «Հիմնարար իրավունքներից բնակչության ամբողջ խմբերի զրկումը միջազգային իրավունքը որակում է իբրեւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն», ասել է նա: |