RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1508, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԵՐՆ ՈՒ ԽԱՂԻ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՂ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աբխազիայում ընտրություններ էին

Մարդու իրավունքներն ու ազատությունները համամարդկային արժեքներ են, եւ այդպիսիք հռչակելու հիմքերն ամբողջապես հասկանալի են, ընդունելի ու գնահատելի: Բայց աշխարհը ցայսօր չի սովորել դրանք իսկապես համամարդկային դիտարկել, քանի որ մարդու իրավունքները ամեն տարածքում չէ, որ բարձր արժեք են, կամ էլ ամեն բանական էակ չէ, որ մարդ է եւ ունի իրավունքներ:

Չճանաչված, ինքնահռչակ տարածքների, պետությունների պարագայում առկա է հենց նման խնդիր, երբ այդ տարածքներում բնակվող մարդիկ զրկված են իրավունքներից կամ դրանց իրացումից, այլապես ամենաբարձր ատյանների, մանր չինովնիկների, խոշոտ տերությունների կողմից այդ մարդկանց իրավունքների իրացումը չճանաչելու մոտեցումը չէր լինի աշխարհն իրենց շահերով կշեռքի թաթերին դնելու դրսեւորում:


Աբխազիան նախագահ ընտրեց

Ղարաբաղյան հակամարտության կարեւորումը Հայաստանում թերագնահատելու տեղ չունի, սակայն ակնհայտ է, որ ավելի շատ կենտրոնանալով հենց ղարաբաղյան հարցի վրա` աչքաթող են արվում գրեթե բոլոր գործընթացները, որոնք այս կամ այնկերպ կապված են ԼՂՀ ապագան կանխորոշող կամ ուղղորդող գործոնների հետ: Այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում գարնանն ու արդեն օգոստոսի 24-ով ավարտվեց, կարեւորություն ունի տարբեր տեսանկյուններից. ոչ միայն անկախություն հռչակած տարածքում ժողովրդավարություն կառուցելու փորձերի, այլեւ ընդհանրապես որպես պետություն իր գոյության ուղին շարունակելու ձեւերի ընտրության առումով:

Աբխազիայում օգոստոսի 24-ին 6-րդ անդամ նախագահ ընտրեցին, այս անգամ արտահերթ` 2016թ. հերթական ընտրությունների փոխարեն: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել էր երկրի խորհրդարանը` փորձելով այդկերպ դուրս գալ քաղաքական ճգնաժամից:

Իսկ ճգնաժամը հասունացել էր դեռեւս ապրիլ-մայիսին, երբ ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների անդամներից կազմված կոորդինացիոն խորհուրդը այդ ժամանակ գործող նախագահ Ալեքսանդր Անկվաբից պահանջեց կառավարության հրաժարականը` ձեւավորելու ժողովրդական վստահության կառավարություն, նաեւ հրաժարականներ գլխավոր դատախազից, վարչական երեք շրջանների ղեկավարներից, փոփոխություններ սահմանադրությունում` նախագահի պակաս լիազորություններով:

Արդեն մայիսի վերջին կոորդինացիոն խորհուրդը` Ռաուլ Խաջիմբայի գլխավորությամբ հավաքվեց բողոքի ակցիայի: Ու թեեւ գործող նախագահը համաձայնեց արձակել կառավարությունը, մայիսի 27-ի երեկոյան Աբխազիայի նախագահի նստավայրը գրավեցին` մարդկանց դեմ զենք չգործադրելու նախագահի արձագանքով: Ավելին, Անկվաբը հեռացավ նախագահի նստավայրից` մերժելով Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացները արագացնելով իշխանության մնալու տարբերակը: Զարգացումներն հասան այնտեղ, որ հունիսի 1-ի երեկոյան Աբխազիայի նախագահը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Զարգացումները բերեցին այնպիսի մի իրադրության, երբ խորհրդարանը որոշեց արտահերթ ընտրություններ նշանակել, գրանցեցին չորս թեկնածու, միաժամանակ Վրաստանի ու Աբխազիայի անձնագիր ունեցողներին հեռու պահեցին ընտրություններից, Աբխազիայի եւ Ռուսաստանի անձնագիր ունեցողներն իրացրեցին իրենց իրավունքը: 50 տոկոսից քիչ ավել ձայներով ընտրվեց Ռաուլ Խաջիմբան:

Չեն արհամարհում, չեն էլ ճանաչում

Աբխազիան, բնավ էլ ոչ աշխարհի ամենաժողովրդավարական ու կայացած երկիրը, նախագահ ընտրեց: Ընտրություններն էլ, տարբեր գնահատականներով, անցան ժողովրդավարական ներկայացող երկրներին շատ չզիջող մակարդակով կամ էլ առնվազն այդպես ներկայացվեցին նրանց, ում հետաքրքրում են Աբխազիայում տեղի ունեցող զարգացումներն ու իրադարձությունները:

Շատ ճանաչված, բայց այդպես էլ մարդու իրավունքներն ամեն քայլափոխին ոտնահարող երկրներում ընտրական կրքերը բորբոքվում ու հասնում են մինչեւ ձերբակալություններ, ճնշումներ ու բռնության կիրառում: Աբխազիայում էլ, այն էլ զենքի կիրառության առնվազն երկու դեպք ուշադրության կարիք ունեն. քվեարկության օրվանից 3 օր առաջ նռնակ էին նետել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տուն, հաջորդ օրն էլ` կրակել աբխազական թերթերից մեկի խմբագրի մեքենայի վրա: Ոչ մի միջադեպ քվեարկության օրը:

Այսպիսի միջադեպեր լինում են ճանաչված երկրներում: Ադրբեջանը, մեկ-մեկ էլ Հայաստանը, Վրաստանն էլ այսպիսի իրավիճակներում հայտնվել են ու երեւի կհայտվեն, մինչդեռ այս երկրներում ընտրություններին քիչ ու շատ մեղմ գնահատականներ տալիս ու ընտրված իշխանությունների հետ էլ հարգի-անհարգի շփվում են միջազգային բեմի գրեթե բոլոր մասնակիցները այն դեպքում, երբ Աբխազիայում, Արցախում, Հարավային Օսիայում, չճանաչված մյուս երկրներում ընտրությունները, էլ չասած արդյունքները, առանց երկմտելու համարում են անօրինական ու չեն ճանաչում:

Հետաքրքրական է, որ չեն մոռանում անդրադառնալ ընտրություններին, իհարկե, բացասական համատեքստում: Տարբեր կառույցներ ու մի շարք երկրներ հայտարարեցին, թե չեն ճանաչում տեղի ունեցած ընտրությունները, որոշ դեպքերում էլ` կոչ արվեց դատապարտել դրանք: Դատապարտել այնպիսի մի միջոցառում, որի հիման վրա մյուս բոլորն աշխարհում պիտի ժողովրդավարություն կառուցեն, լեգիտիմ ու ընդունելի լինեն իրենց հարեւանների ու աշխարհի մնացյալ երկրների համար:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում Վրաստանի ու Ռումինիայի նախագահների հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ հետաքրքրական ձեւակերպմամբ վրացական կողմը մատուցում է, թե Վրաստանի նախագահը Ռումինիայի նախագահին շնորհակալություն է հայտնում Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունները չճանաչելու համար: Այս հարցում Ռումինիայի հետ են Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն... Չճանաչողների շարքը կարելի է շարունակել, թեեւ հենց նրանք են, որ ընտրությունների կարեւորությունը շեշտում են ամեն մի փաստաթղթում ու հայտարարության մեջ:

Անկախ Աբխազիա, թե՞...

Թե ինչպես են մարդիկ ապրում Աբխազիայում, ինչով են զբաղված, ինչ կարգեր ու բարքեր են տիրում, ով է իշխանություն եւ ինչ է ցանկանում` աշխարհին չի մտահոգում: Ընտրությունների ֆոնին, եւ մինչ այդ էլ աբխազական իրականության առնչությամբ հետաքրքրությունն ամենից առաջ պայմանավորված է Ռուսաստանի գործոնով, ընդ որում` սա միայն ընկալման հարց չէ: Թե ինչպես եւ ինչ ուղղությամբ կարող է շարժվել Աբխազիան` ավելի կարեւոր է աշխարհի խոշորների, ուժեղների համար, քան այն բոլոր հարցերը, որոնց բախվում են մարդիկ այդ տարածքում, որոնք կարեւոր ու կենսական են Աբխազիայի բնակիչների համար:

Քաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում, դրանից բավականին առաջ ու հետո էլ Աբխազիային առնչվող ամենաթեժ քննարկումը վերաբերում է Ռուսաստանին հնարավոր միացմանը: Խաջիմբայի նախորդի ժամանակ էլ անվերջ էին մտայնությունները, թե Աբխազիան ինչ-որ պահից կդառնա Ռուսաստանի դաշնության սուբյեկտ: Խաջիմբան էլ ընտրությունից անմիջապես հետո շտապել է արձագանքել հենց այդ մտքերին: Խաջիմբան ոչ միայն հերքել է լուրերը, թե Աբխազիան ուզում է մաս դառնալ Ռուսաստանի Դաշնության, թեեւ Ռուսաստանը մնում է Աբխազիային հնարավորություններ տրամադրող գրեթե միակ երկիրը:

Վերջին շրջանում Աբխազիան բավականին դուրս է լրահոսից, այն էլ միջազգային, բացառությամբ, երբ Աբխազիայի ապագան նույնականացվում է Ղրիմի իրավիճակի հետ:

Մի կողմից, Ռուսաստանին ներկա դրությամբ Աբխազիան այդքան էլ չի հետաքրքրում, եթե հաշվի առնենք, որ ՌԴ նախագահը շատ զբաղված էր ուկրաինական հարցերով ու չմասնակցեց աբխազական քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը այն դեպքում, երբ նախկինում ակտիվորեն ներգրավվում էր: Այսինքն` Ղրիմն ու Աբխազիան նույն կարեւորությունն ու նշանակությունը չունեն Ռուսաստանի համար, հատկապես, որ Աբխազիայի դեպքում ռուսաստանյան կողմն իրեն ապահով է զգում:

Մյուս կողմից, Աբխազիայում եւս տրամադրությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են այնպես, որ թեեւ ռուսաստանյան աջակցության կարեւորությունը գիտակցվում է, սակայն անկախ ապրելու հեռանկարներին չեն նայում որպես ինքնասպանություն: Հաշվի առնելով նաեւ Թուրքիայի հետաքրքրվածությունն ու ակտիվ առեւտրային ներգրավվածությունը, Աբխազիայում փորձում են ինքնիշխան ապրելակերպի վրա խաղադրույք կատարել:

Կա նաեւ մեկ այլ հանգամանք, որ բացատրում է Աբխազիայի` առավել անկախ դրսեւորւմներ ունենալու նկրտումները. խոսքը միջազգային հանրության` Ղրիմի հարցում ունեցած դիրքորոշումն է, որ կարող է Ռուսաստանի համար մոտ ապագայում անհնար դրաձնել որեւէ այլ տարածքի կուլ տալու ցանկության բավարարումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ