ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ «Բանվորա-գյուղացիական հեղափոխությունը, ինչի մասին այդքան երազում էին բոլշեւիկները, կատարվել է»,- սա Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինի ելույթի առաջին նախադասությունն է` Պետերբուրգում զինված հեղաշրջում իրականացնելուց հետո: Առանց դույզն ինչ չափազանցության կարող ենք ասել, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պատմական այցն» Ադրբեջան, որին այնքան անձկությամբ սպասում էին Բաքվում, արդեն պատմական իրողություն է: Բայց Լենինի «դարակազմիկ» ելույթին հետեւեցին բոլշեւիկների հստակ քայլեր: Մինչդեռ Էրդողանի ադրբեջանական «վոյաժը», որն, ի դեպ, ընդամենը մի քանի ժամ տեւեց, ինչպես ռուսներն են ասում, «թողնում է ցանկանալ ավելի լավը»: Ճիշտ է, նախօրեին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է մնում «Ղարաբաղի ազատագրումը», իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն իրեն համարել էր այդ հարցում Ադրբեջանի ԱԳ նախարարի «լծակիցը», սակայն Էրդողան-Ալիեւ հանդիպման ադրբեջանական արձագանքները բոլորովին այլ տպավորություն են թողնում: Բաքվում, մասնավորապես, սպասոում էին, որ Թուրքիայի նորընտիր նախագահը պարտադիր հայտարարություն կանի իրավիճակի սրացման դեպքում Ադրբեջանին ռազմական ուղղակի օժանդակություն ցուցաբերելու մասին: Էրդողանը, սակայն, ձեռնպահ մնաց կտրուկ հայտարարություններից եւ բավարարվեց ընդհանուր ձեւակերպումներով, որոնք մոտ ապագայում հազիվ թե իրավական ամրապնդում կարող են գտնել: Ադրբեջանական մամուլն, իհարկե, որպես մեկ կենտրոնից կառավարվող, շտապել էր, երբ Էրդողանին հռչակել էր «նոր օսմանականության ուղղության ջատագով»` ակնկալելով, որ թուրքական կողմը կուլ կտա հաճոյախոսությունների խայծը: Պաշտոնական Անկարան չընդունեց Էրդողանին եւ Իլյամ Ալիեւին «նույն արժեքների կրող» ներկայացնելու` ակնհայտորեն Իլհամ Ալիեւի աշխատակազմից պարտադրված քարոզչական կաղապարը: Բաքվի «քաղտեխնոլոգները» բավական էժանագին հնարք էին կիրառել, երբ Էրդողանին հռչակել էին «Թուրքիայի անփոխարինելի ղեկավար»: Կենցաղային մակարդակում, գուցե, այդ գնահատականը բավարարում է Էրդողանին եւ շոյում նրա ինքնասիրությունը, բայց նրան հաստատ ձեռնտու չէ, երբ Ադրբեջանում փորձ են անում իշխանության բռնազավթումը բացատրել Թուրքիայի «հետ քաղաքական մշակույթի ընդհանրությամբ»: Ինչ-ինչ, բայց ներկա պահին Էրդողանին հաստատ ձեռնտու չէ աշխարհին ներկայանալ իբրեւ իշխանության «հավերժական կրող», ինչպես դա անում են Ադրբեջանում: Էրդողան- Իլհամ Ալիեւ համատեղ ճեպազրույցի` անգամ Բաքվի գրաքննչությամբ անցկացված տարբերակը վկայում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները միմյանց պարզապես չեն հասկացել: Խնդիրն այն չէ, որ նրանք սիրալիրություններ են փոխանակել: Աչք է ծակում Հյուսիսային Կիպրոսում Էրդողանի հայտարարությունների եւ Բաքվում նրա կեցվածքի տարբերությունը: Եթե Կիպրոսի բռնազավթած հատվածում Թուրքիայի նախագահը հանդես էր եկել որպես անզիջում կողմի առաջնորդ, ապա Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես արդեն ասել ենք, նրա խոսքերը որեւէ էական նորություն չէին պարունակում: Դա է, թերեւս, պատճառը, որ ադրբեջանական մամուլը եզրակացրել է, թե Թուրքիայի նախագահը «ՆԱՏՕ-ից կպահանջի կատարել ԼՂ հարցում Ադրբեջանին տված խոստումները»: ՆԱՏՕ-ն, ինչպես հայտնի է, ԼՂ հարցում որեւէ հավաքական կեցվածք չի դրսեւորել եւ հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ տվյալ խնդիրը միջազգայնորեն վերապահված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությանը: Ամենայն հավանականությամբ, Բաքվում Թուրքիայի նախագահը չի կարողացել Իլհամ Ալիեւին համոզել, որ իր երկիրը ԼՂ հարցում «մասնավոր դերակատարություն ունենալ չի կարող»: Ադրբեջանում շարունակում են հուսալ, որ պաշտոնական Անկարան ԼՂ հարցում «ճեղքում իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի»: Ու, հավանաբար, հենց այս գիծն առաջ մղելու մտադրությամբ է, որ Իլհամ Ալիեւն Էրդողանի հետ ճեպազրույցի ժամանակ անսպասելի բարձրացրել է Հայոց ցեղասպանության «քարոզչության դեմ Թուրքիայի հետ ջանքերը համատեղելու»` իր երկրի «ազդեցիկ հնարավորությունների» մասին: Որքան հնարավոր է դատել ճեպազրույցի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից, Թուրքիայի նախագահը հայական «ապակողմնորոշող քարոզչությանը դիմագրավելու» հարցում Ադրբեջանի օժանդակությունը չի հայցել: Մինչդեռ Իլհամ Ալիեւը տվյալ թեմայով պարզապես «ինքնամատուցվել է»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Թուրքիային վերստին որոշակի «նախապայմաններ է առաջադրել»` ի սկզբանե Էրդողանին ակնարկելով, որ հայկական հարցում «չարդարացված զիջումների չպետք է գնալ»: Ստացվում է այնպես, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում «երկու ազգ` մեկ պետություն» քաղաքական գոյակացության մեջ «ոտքերն» սկսել են կարգադրել «գլխին». եթե մինչեւ բոլորովին վերջերս Բաքուն էր Անկարայի խորհրդով հավասարակշռում իր քայլերը, ապա այսօր Ադրբեջանը ձգտում է կանխորոշել Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը: Գնալով ակնհայտ է դառնում, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում Իլհամ Ալիեւի հավակնոտությունը վերածվում է Էրդողանի միջազգային հեղինակության խոչընդոտի: Այն, ինչ աշխարհը մտադիր է քննարկել Թուրքիայի հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Ադրբեջանի իշխող վարչախմբի` Անկարային ներկայացվող եղբայրական պահանջատիրության համատեքստում: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանը Բաքու էր հասել, որպեսզի Իլհամ Ալիեւին եւս մեկ անգամ հստակ բացատրի, որ` «եղբայրությունը` եղբայրություն, բայց Թուրքիան ունի իր խնդիրները», իսկ Ադրբեջանում հերթական անգամ «ավագ եղբորը» թողել են անպատասխան: Ադրբեջանական մամուլը չի թաքցնում, որ Էրդողանի այցը դիտարկվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում «ընդունելիք ճակատագրական որոշումների կտրվածքով»: Թուրքիայի նախագահն ադրբեջանական կողմին «հանգստացրել է»` նկատել տալով, որ ՆԱՏՕ-ի «գագաթաժողովի օրակարգում ներառված կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը»: Անշուշտ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների «հավանական հանդիպման» մասին ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հայտարարությունից հետո մեծ քաջություն պետք չէր, որպեսզի Էրդողանը Բաքվում ասեր, թե ԼՂ հարցը «կքննարկվի Թուրքիայի նախաձեռնությամբ»: Խնդիրն այն է, որ Բաքվում Թուրքիայից գրեթե պահանջում են այդ հարցում ունենալ «առանձնակի դերակատարություն» կամ, ավելի պարզ ասած` «վերադարձնել Լեռնային Ղարաբաղը»: Նման հարց Թուրքիան չի կարող լուծել: Եւ այդ մասին, ինչպես կարելի է հասկանալ, Էրդողանը Բաքվում ասել է բավական ոչ դիվանագիտական ձեւակերպումներով: Ինչպես զգացվում է, Իլհամ Ալիեւը կորցրել է նաեւ ուղղակի ասվածը հասկանալու ընդունակությունը: Եւ շարունակում է Թուրքիայի հետ խոսել նավթի եւ գազի գները միջազգայնացնելու սպառնալիքի լեզվով: Թերեւս այդ է պատճառը, որ ադրբեջանական մամուլը խիստ հարձակումներ է սկսել գործել Եգիպտոսի դեմ, որը, պարզվում է, «հերթական անգամ դավաճանելով արաբական աշխարհին», Իսրայելի հետ մտադիր է նոր նավթա-գազային հանքավայրեր շահագործել` «Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա էներգակիրներ արտահանելու համար»: Եթե նման ծրագիր գոյություն ունի, եթե հաջողվի այն կյանքի կոչել, ապա պետք է ընդունել, որ Թուրքիան բավականին հոգնել է ադրբեջանական էներգակիրների հարցի անընդմեջ քաղաքականացումից եւ մտադիր է «կրտսեր եղբորը» ցույց տալ իր իսկական տեղը: Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում` ցույց կտա ժամանակը: Փաստ է, որ Էրդողանի Բաքու կատարած այցը չի արդյունավորվել երկու երկրների միջեւ էական համաձայնություններով: Ըստ երեւույթին, Էրդողանը չի կարողացել համոզել, որպեսզի Իլհամ Ալիեւը «պաուզա պահի»` Թուրքիային հնարավորություն տալով արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում ճշտորոշելու իր հնարավորությունների «մաքսիմումը» կամ «մինիմումը», եւ կողմերը բաժանվել են` սպասելով, թե ինչ որոշումներ կընդունի ՆԱՏՕ-ն եւ ինչպես դրանց կարձագանքի հետխորհրդային տարածքի «նայող» Ռուսաստանը... |