ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ Համաշխարհային հայկական կոնգրես եւ Ռուսաստանի հայերի միություն «Հայ ասպետ» Կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի եւ արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր եւ միացրու X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեեւ վիրավոր, բայց անկրկնելի տեսքովՙ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով: Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք եւ օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերըՙ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ եւ այլն: Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, եւ պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ: Հաշվի առնելով այս ամենը, կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100րդ տարելիցին ընդառաջ ազգովին հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով եւ միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ, որ Անիի Բագրատունի թագավորները չներկայացվեն որպես Բագրատօղլի փաշաներ, որ մատուցվի ճշմարիտ եւ իրական պատմությունը : Ժամանակն է ցույց տալ աշխարհին, որ հայ նոր եւ ապագա սերունդների մեջ դույզն ինչ չի մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալ, որ Եղեռնի հետեւանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգեւոր-մշակութային ժառանգությանը: Անին հայինն է եւ միշտ հայկական «Միացիր եւ միացրու»,- այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը: Մենք դիմում ենք Միավորված Ազգերի Կրթության, Գիտության եւ Մշակույթի Կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգությանՙ հայկական հուշարձանների ավերումը եւ կերպափոխումը: Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը միանալ մեր դիմումին եւ ստորագրությամբ պահանջատեր դառնալ Հայոց մայրաքաղաքին եւ նրա հոգեւոր մշակութային արժեքներին: Հ.Գ. Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել http://www.armcongress.am/AM/announcements/200 կայքը։ |